Երեւան: Մեդիամաքս: Եվրամիության Խորհրդատվական խումբը հնարավոր է ավարտի իր գործունեությունը Հայաստանում:
Մեդիամաքս-ի ունեցած տեղեկություններով, խմբի մանդատը, որն ավարտվում է ս.թ. գարնանը, չի երկարաձգվելու:
Մեդիամաքս-ի հետ զրույցում ԵՄ Խորհրդատվական խմբի ներկայացուցիչը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ մանդատը շուտով ավարտվում է` նշելով, որ վերջնական որոշումը գործունեության երկարացման կամ ավարտի մասին, ամենայն հավանականությամբ, կկայացվի փետրվարի վերջին:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ Հայաստանն առաջին երկիրն էր, որտեղ Եվրոպական հանձնաժողովի որոշմամբ գործուղվեց խորհրդատվական մասնագետների խումբ:
Որոշումը կայացվել էր 2008թ. նոյեմբերին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Եվրոպական կառույցներ կատարած այցի ընթացքում:
ԵՄ խորհրդատուների կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցությունն արտահայտվում է պետական մարմիններին եւ գերատեսչություններին խորհրդատվական օժանդակության հատկացմամբ: ԵՄ Խորհրդատվական խումբը համագործակցում է ՀՀ գերատեսչությունների հետ` հակակոռուպցիոն ռազմավարության, կառավարման բարեփոխման, մարդու իրավունքների, պետական պարտքի կառավարման, մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման եւ դիվանագիտական ակադեմիայի հիմնադրման եւ գործունեության ուղղություններով:
Մասնավորապես, Եվրամիության Խորհրդատվական խումբը զգալի աջակցություն էր ցուցաբերել ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի մշակման գործում, որի ստորագրման հարցը օրակարգից դուրս եկավ` Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումից հետո:
Մեդիամաքս-ը նշում է, որ մեկ տարի առաջ, 2013 թվականի փետրվարի 6-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան քննարկել էին Ասոցացման համաձայնագրի հետ կապված հարցերը:
Տրայան Հրիստեան ասել էր, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը կունենա ասոցացված երկրի կարգավիճակ, որին կհետեւի ՀՀ-ԵՄ համագործակցության նոր օրակարգի հաստատումը: Նա ընդգծել էր, որ Հայաստան-ԵՄ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման, ինչպես նաեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող աշխատանքում մեծ առաջընթաց է գրանցվել:
Կողմերը քննարկել էին նաեւ արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, սննդի անվտանգության, մաքսային բնագավառներում եւ այլ ուղղություններով իրականացվող համատեղ միջոցառումներն ու բարեփոխումները:
«Եթե այս կամ այն ոլորտում տեսնում եք, որ մեր բարեփոխումները դանդաղում են եւ կան խոչընդոտներ, ապա անհապաղ դիմեք անձամբ ինձ, որպեսզի մենք հնարավորությունները բաց չթողնենք օգտվելու ձեր խորհրդատվությունից՝ ճիշտ ժամանակին մեր բարեփոխումներն իրականացնելու համար»,- ասել էր Տիգրան Սարգսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: