Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի գրասենյակի խորհրդական Վինայ Չոլան մասնակցել է Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքների քննարկմանը, որը նախաձեռնել էր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը:
Դեսպանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 18-ին կայացած քննարկմանը մասնակցել են ամերիկյան շուրջ 15 «ուղեղային կենտրոնների» ներկայացուցիչներ, Վինայ Չոլան, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահան Հունանյանը եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը։
Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն
«Մասնակիցները քննարկել են գագաթնաժողովից հետո ստեղծված հնարավորություններն ու մարտահրավերները, այդ թվում՝ կայուն խաղաղության առաջխաղացման, տարածաշրջանային կապերի ամրապնդման և վերջին համաձայնությունները կոնկրետ համագործակցության վերածելու գործնական ուղիները։ Քննարկման ընթացքում նաև ընդգծվել է Հայաստանի աճող դերը նորարարական տեխնոլոգիական էկոհամակարգերում և վստահելի, կանոնահեն գործընկերության կարևորությունը», - հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից:
















