Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ «օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կատարվածը առճակատման ավարտն է եւ ելքը փակուղուց»։
«Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի ամբողջական տեքստը հրապարակել է Trend գործակալությունը, Ալիեւը, մասնավորապես, ասել է.
«Բանակցությունները տեւել են մի քանի տարի եւ ավարտվել Վաշինգտոնում՝ նախագահ Թրամփի եւ նրա թիմի ակտիվ աջակցությամբ։ Կարծում եմ, որ դա իսկապես հակամարտության ավարտն է, պատերազմի ավարտը։ Պաշտոնապես խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվել մեկ կոնկրետ պատճառով. Հայաստանի սահմանադրությունը դեռեւս պարունակում է մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Որքան հասկանում ենք, նրանք փոփոխություն կկատարեն։ Եվ հենց որ այդ սահմանադրական փոփոխությունը կատարվի, հենց որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիրը»։
Պատասխանելով գործընթացի վրա Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հնարավոր ազդեցության մասին հարցին՝ Ալիեւն ասել է.
«Դժվար է ասել, եւ ես կարող եմ միայն կռահել եւ հույս ունենալ, որ ոչինչ չի խանգարի այս գործընթացին: Ես բացարձակ երաշխիքներ չունեմ, քանի որ լավ ծանոթ չեմ Հայաստանի ներքին քաղաքականությանը: Մենք գիտենք, որ հաջորդ ամռանն այնտեղ խորհրդարանական ընտրություններ են լինելու: Եվ մենք գիտենք, որ նրանք աշխատում են նոր սահմանադրության նախագծի վրա: Բայց եթե ուժեղ արտաքին միջամտություն լինի, ապա այո, կարող ենք մտածել, որ դա կարող է խախտել նախկինում համաձայնեցված հարցերը: Սակայն դա շատ վնասակար կլինի հենց Հայաստանի համար: Որովհետեւ, անկախ նրանից, թե ով է ստորագրել փաստաթղթերը Վաշինգտոնում, դրանք ստորագրվել են Հայաստանի անունից՝ Հայաստանի առաջնորդի կողմից: Եթե այնտեղ ինչ-որ բան պատահի, ինչ-որ բան փոխվի, եւ նրանք հրաժարվեն ստորագրվածից, դա լրջորեն կվատթարացնի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները: Ոչ միայն Միացյալ Նահանգները, այլեւ ամբողջ միջազգային հանրությունը աջակցել է այս գործընթացին, այդ թվում՝ Եվրամիությունը, Թուրքիան, մեր ընկերները արաբական երկրներում:
Այլ կերպ ասած, եթե Հայաստանի որեւէ ապագա կառավարություն, անկախ նրանից, թե երբ է այն իշխանության գալու, կասկածի տակ դնի Վաշինգտոնում ստորագրվածը, Հայաստանը լուրջ հետեւանքների կբախվի, քանի որ ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում մեր օգտին է բոլոր առումներով։ Կարծում եմ՝ դա բոլորի համար ակնհայտ է, եւ եթե Հայաստանը կրկին կասկածի տակ դնի մեր տարածքային ամբողջականությունը, մենք համարժեք կարձագանքենք։
Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի կարեւորությունն այն է, որ երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ իրենց ապագա փոխազդեցությունները կպլանավորեն միջազգային իրավունքի այս հիմնարար սկզբունքի հիման վրա։ Հետեւաբար, եթե Հայաստանը դադարի ճանաչել մեր տարածքային ամբողջականությունը, մենք նույնը կանենք նրանց տարածքային ամբողջականության հետ։
Կարծում եմ, որ Հայաստանի ցանկացած ապագա կառավարություն բավականաչափ իմաստուն կգտնվի Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները կասկածի տակ չդնելու համար։ Եվ կրկնեմ՝ դա երկու պետությունների միջեւ համաձայնագիր է։ Դա իմ եւ Փաշինյանի միջեւ համաձայնագիր չէ», - ասել է Ալիեւը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: