«Հարեւան երկրներն առաջնահերթություն են». Իրանի նախագահը Հայաստանում է - Mediamax.am

305 դիտում

«Հարեւան երկրներն առաջնահերթություն են». Իրանի նախագահը Հայաստանում է


Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Երեւան: Մեդիամաքս: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում Իրանի նախագահին դիմավորել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 

«Հայաստան ուղեւորությունը մեր հարեւան երկրներ առաջնահերթ ուղեւորությունների շարունակությունն է: Հարեւան երկրներն առաջնահերթություն են հարաբերությունների կառուցման եւ զարգացման համար։ 

 

Մենք ամուր ռազմավարական հարաբերություններ ունենք մեր հարեւան եւ բարեկամ Հայաստանի հետ, միշտ ձգտել ենք միմյանց հետ լավ հարաբերություններ կառուցել սոցիալական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարցերում», - Երեւան գալուց առաջ «Մեհրաբադ» օդանավակայանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ 

 

«Անհրաժեշտ հարմարություններն ապահովվել են, եւ Իրանի ու Հայաստանի միջեւ հաղորդակցությունը հնարավորինս հեշտացվել է։ Ուստի այս այցի ընթացքում մենք կքննարկենք մեր համաձայնագրերն ու կապերն ամրապնդելու ուղիները, այդ թվում՝ հաղորդակցության եւ մշակութային ուղիները, մասնավորապես՝ Հյուսիս-Հարավ միջանցքը:

 

Ինչ վերաբերում է Արեւելք-Արեւմուտք ուղուն, այն, բնականաբար, կդառնա հարմարավետ հարթակ՝ այս ուղղությամբ առեւտրային ճանապարհի զարգացման համար, եւ մենք ձգտում ենք ընդլայնել այն», - ասել է Իրանի նախագահը: 

 

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրից հետո Հայաստանում ամերիկյան ընկերությունների ներկայության վերաբերյալ մտահոգություններին՝ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ «բնական է մտահոգություններ ունենալ տարածաշրջանում ամերիկյան ընկերությունների ներկայության վերաբերյալ».

 

«Քանի որ նրանք գալիս են որեւէ ընկերության անունից, իսկ հետագայում կարող են զբաղվել այլ գործունեությամբ: Մենք քննարկումներ կանցկացնենք հայ պաշտոնյաների հետ այս մտահոգությունների շուրջ»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին