Երեւան: Մեդիամաքս: Գերմանական Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» ծրագրի ղեկավար Յակոբ Վյոլենշտայնը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է կատարի իր խոստումները՝ կապված բարեփոխումների եւ իր շարքերում կոռուպցիան արմատախիլ անելու հետ:
Վյոլենշտայնը գրում է այդ մասին Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի կայքում հրապարակված «Ձախողված հեղաշրջում Հայաստանո՞ւմ. հակամարտությունը եկեղեցական ղեկավարության հետ սրվում է» հոդվածում:
Հոդվածի եզրափակիչ մասում հեղինակը գրում է.
«Վերջին ցնցումները բացահայտել են այն հսկայական ճնշումը, որի ներքո գործում է Հայաստանի կառավարությունը: Ներքին եւ աշխարհաքաղաքական մարտահրավերներն ահեղ են: Վարչապետ Փաշինյանը բախվում է հակառակորդների աճող թվի հետ, որոնցից շատերը ոչ միայն հույս ունեն, որ նա ձախողելու է, այլ ակտիվ աշխատում են դրան հասնելու համար: Եթե Ռուսաստանն իսկապես թաքնված դեր է խաղացել վերջին իրադարձություններում, ապա Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարությունը պայքարում է հակառակորդների հետ, որոնք սահմանադրական կարգի կամ արդար քաղաքական մրցակցության օրենքներով չեն խաղում:
Եթե ի հայտ գան Կրեմլի կողմից աջակցվող հեղաշրջման փորձի կոնկրետ ապացույցներ, ապացուցված դավադիրների դեմ հստակ իրավական արձագանքը արդարացված կլինի: Բայց անգամ դա չի արդարացնի հռետորաբանական ծայրահեղությունները, որոնք վանել են նույնիսկ Փաշինյանի մի շարք կողմնակիցներին: Հարավային Կովկասի նման աշխարհաքաղաքական անկայուն տարածաշրջանում Հայաստանին անհրաժեշտ է ավելին, քան պարզապես դիմակայունություն՝ նրան պետք են դաշնակիցներ:
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասի հունիսի վերջին կայացած այցը լայնորեն ընկալվեց որպես պատմական: Աջակցությունը շարունակելու նրա խոստումները ջերմ ընդունելության արժանացան: Բայց խորհրդանշական ժեստերը պետք է ամրապնդվեն բովանդակությամբ: Հայաստանի արեւմտյան գործընկերները պետք է օգնեն երկրին դիվերսիֆիկացնել էներգետիկ աղբյուրները, ամրապնդել տնտեսությունը եւ կառուցել ժողովրդավարական դիմակայունություն:
Ի վերջո, ցանկացած ժողովրդավարության ամենաուժեղ երաշխավորը նրա ժողովուրդն է: Կառավարության խնդիրն է հանրությանը տանել դժվար ճանապարհով դեպի տարածաշրջանային հաշտեցում, բաց սահմաններ, Ռուսաստանից ռազմավարական հեռացում եւ Արեւմուտքի հետ ավելի խորը ինտեգրում: Քաջալերող է, որ Փաշինյանը խոստացավ հուլիսի 1-ից հրաժարվել հանրային խոսույթում սադրիչ արտահայտություններ օգտագործելուց: Բայց բառերը բավարար չեն: Նրա կառավարությունը եւս պետք է կատարի իր խոստումները՝ հատկապես բարեփոխումների եւ իր շարքերում կոռուպցիայի արմատախիլ անելու վերաբերյալ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: