Երեւան: Մեդիամաքս: Այսօր Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը:
Հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրություն, որում ասված է.
«ԵՄ-ն եւ Հայաստանը վերահաստատում եւ առաջ են մղում իրենց գործընկերությունն առաջնորդների հանդիպման ժամանակ.
Հանդիպման ընթացքում առաջնորդները ողջունեցին ԵՄ-ՀՀ Գործընկերության նոր օրակարգի տեքստի վերաբերյալ վերջերս ձեռք բերված քաղաքական համաձայնությունը, որը կարեւոր հանգրվան է կապերի խորացման համատեղ հանձնառության համար: Նրանք նաեւ գոհունակությամբ նշեցին վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը եւ Հայաստանի` վերջերս ընդունված «ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը:
ԵՄ-ն վերահաստատեց իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը եւ երկարաժամկետ զարգացմանը՝ էական ֆինանսական եւ տեխնիկական օգնության միջոցով: «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակում, ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի՝ խթանելով ներառական աճը եւ կապակցվածությունը։
2024 թվականի ապրիլին հայտարարված 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն եւ աճ» ծրագիրը 50%-ով մեծացրեց ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը: Ներդրումները խթանելուն միտված 200 միլիոն եվրոյի դրամաշնորհային օգնությամբ եւ 70 միլիոն եվրոյի դրամաշնորհային ֆինանսավորմամբ՝ այն շարունակում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին, ավելի սերտ ոլորտային համագործակցությանը եւ էներգետիկայի, տրանսպորտի եւ մասնավոր հատվածներում ներդրումներին:
Այս համատեքստում, ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ միտված տարածաշրջանային կապակցվածությանը եւ հաշտեցմանը: Նախագահ Կոշտան եւ նախագահ ֆոն դեր Լայենը նաեւ նշեցին Հայաստանի շարունակական ջանքերը՝ միտված Հարավային Կովկասում կայունության խթանմանը, մասնավորապես, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում շարունակական ներգրավվածության եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի միջոցով: Առաջնորդները նաեւ ընդգծեցին Հայաստանը ԵՄ տարածաշրջանային եւ տնտեսական նախաձեռնություններում, մասնավորապես, Սեւ ծովի ռազմավարության շրջանակներում, ներգրավելու հնարավորության կարեւորությունը։
Նախագահ Կոշտան եւ նախագահ ֆոն դեր Լայենը շնորհակալություն հայտնեցին Հայաստանին` սերտ համագործակցության եւ պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար: Վարչապետ Փաշինյանի հետ միասին նրանք համաձայնեցին շարունակել համատեղ ջանքերն այդ ուղղությամբ։
Անվտանգության ոլորտում համագործակցությունն առանձնահատուկ տեղ գտավ քննարկումներում: Առաջնորդները ողջունեցին ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ անվտանգության եւ պաշտպանության խորհրդակցությունների մեկնարկը՝ ընդգծելով խաղաղության, կայունության եւ ժողովրդավարական դիմակայունության նկատմամբ իրենց համատեղ հանձնառությունը:
Անդրադառնալով անվտանգության հետ կապված մի շարք մտահոգությունների, այդ թվում՝ արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաներին եւ միջամտությանը, ապատեղեկատվությանը եւ կիբեռսպառնալիքներ, ԵՄ-ն առաջարկեց համագործակցել Հայաստանի հետ՝ գնահատելու նրա կարիքները, որոշելու համագործակցության առաջնահերթ ոլորտները եւ կիրառելու ԵՄ առկա գործիքները: Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար ԵՄ-ն հայտարարեց անկախ լրատվամիջոցների ամրապնդման համար նախատեսված 1.5 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին։
ԵՄ առաջնորդները ողջունեցին այն փաստը, որ Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եւ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։
Վերջում առաջնորդները եզրակացրին, որ այսօրվա հանդիպումը կարեւոր քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերություններում եւ կոչ արեցին շարունակել առաջընթացն այս աշնանը կայանալիք ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստին»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: