Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը որոշ իմաստով նման է Թուրքիայի բանակցություններին քուրդ ապստամբների հետ։
Այս մասին գրում է Al-Monitor-ի ավագ թղթակից Ամբերին Զամանը՝ «Ինչու է Թուրքիայի հետ խաղաղությունը Փաշինյանի համար գոյատեւման միջոց դարձել» հոդվածում։
«Անկարան հստակ հասկացրել է, որ մինչեւ Հայաստանը Բաքվի հետ խաղաղության պայմանագիր չկնքի, լուրջ քայլեր չի ձեռնարկելու Փաշինյանին ընդառաջ գնալու համար։ Նա մեկը մյուսի հետեւից զիջումներ է անում, որպեսզի Ադրբեջանի ավտորիտար առաջնորդ Իլհամ Ալիեւը համաձայնի ստորագրել համաձայնագիրը։ Ալիեւը շարունակում է ավելին պահանջել, մասնավորապես՝ վերահսկողություն ցամաքային կամրջի նկատմամբ, որը կկապի Ադրբեջանը Նախիջեւանի հետ։ Դեպի ծով ելք չունեցող Հայաստանը ցանկանում է տարածաշրջանային տրանսպորտային եւ էներգետիկ հանգույցի մաս դառնալ, սակայն չի ուզում Ադրբեջանին թույլ տալ վերահսկել իր ինքնիշխան տարածքի մի մասը, հատկապես, եթե դա նշանակում է Իրանի հետ սահմանի կորուստ։
Որոշ առումներով, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը նման է Թուրքիայի բանակցություններին Քրդստանի աշխատավորական կուսակցության (ԱՔԿ) քուրդ ապստամբների հետ։ Արձագանքելով իրենց բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչին՝ նրանք մայիսին հայտարարեցին լուծարման եւ զինաթափման մասին, չնայած Անկարան չբավարարեց նրանց պահանջներից եւ ոչ մեկը։ Այլընտրանքը հակամարտության սրումն էր ավելի հզորացած թուրքական բանակի հետ», - գրում է Ամբերին Զամանը։
Նա նշում է, որ «Անկարան ավելի անհամբեր է դառնում Բաքվի նկատմամբ՝ անհանգստանալով Փաշինյանի քաղաքական գոյատեւման համար»։ Միեւնույն ժամանակ, նկատում է Ամբերին Զամանը, Ադրբեջանը Թուրքիայի խոշորագույն ներդրողներից մեկն է, եւ «Ալիեւը սիրում է Անկարային պարբերաբար հիշեցնել այդ մասին»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: