Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի (DGAP) փորձագետ Ստեֆան Մայսթերն ասել է, որ «Հարավային Կովկասում ԵՄ-ի առաջնային նպատակը մնում է Ռուսաստանի ազդեցության թուլացումը»:
Հանդես գալով Երեւանում ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի կազմակերպած
«Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» ֆորումի ժամանակ, Ստեֆան Մայսթերն ասել է, որ միաժամանակ եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնելու ԵՄ ցանկությունը հակասություն չի պարունակում:
«ԵՄ-ն պետք է զարգացնի հարաբերություններ տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Ադրբեջանի հետ էներգետիկ կապերը երկարաժամկետ են եւ նոր չեն սկսվել: Ադրբեջանը էներգետիկ մատակարարներից եւ տրանզիտային ուղիներից մեկն է: Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է 2022 թվականից, բայց դա ավելի շատ կապված է տնտեսական դիվերսիֆիկացիայի եւ անվտանգության ոլորտի բարեփոխումների հետ, ոչ թե անվտանգային երաշխիքների տրամադրման»,- ասել է գերմանացի փորձագետը:
Մեկնաբանելով պնդումներն այն մասին, որ ԵՄ ջանքեր չգործադրեց 2023 թվականին Արցախի հայաթափումը կանխելու համար, Մայսթերն ասել է.
«Արդար չէ մեղադրել ԵՄ-ին, քանի որ այն որեւէ բանակցային ձեւաչափ չի առաջարկել, այլ միայն աջակցել է բանակցային գործընթացին: ԵՄ-ն հավակնություններ կամ գործիքներ չուներ հակամարտող կողմերին ինչ-որ բան պարտադրելու կամ անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար»:
Մայսթերի պնդմամբ, Հայաստանը պետք է հասկանա, որ ժամանակակից եվրոպական քաղաքականությունը ավելի շատ պայմանավորված է բյուրոկրատական գործընթացներով, քան մեծ ռազմավարությամբ:
Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի Անվտանգային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Էլի Տանենբաումն էլ կարծում է, որ որոշ եվրոպական երկրներ, մասնավորապես Ֆրանսիան, գիտակցել են, որ անվտանգային խնդիրները տարածվում են Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան, ինչը բացատրում է Հայաստանի եւ Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության զարգացումը:
Այնուամենայնիվ, ըստ Տենենբաումի, թեեւ Արեւմուտքում հիմա ավելի լավ պատկերացում ունեն Ալիեւի ռեժիմի մասին, Ադրբեջանի հետ հարաբերությունները ձեւավորված են երկարատեւ փոխկախվածության հիման վրա, որի հնարավոր փոփոխությունը ժամանակ կպահանջի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: