Սերգեյ Լավրովը մայիսի 20-ից 21-ը կլինի Երեւանում - Mediamax.am

2815 դիտում

Սերգեյ Լավրովը մայիսի 20-ից 21-ը կլինի Երեւանում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-ից 21-ը աշխատանքային այցով Երեւանում կլինի։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ «նախատեսվում են նրա մանրամասն բանակցություններ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, սպասվում են զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ»։

 

«Շփումները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 8-ին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացման, ինչպես նաեւ Արարատ Միրզոյանի՝ հունվարի 21-ին Մոսկվա կատարած այցի արդյունքում։

 

Օրակարգում են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակը, եվրասիական ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության,

միջազգային հարթակներում՝ առաջին հերթին ՄԱԿ-ում դիրքորոշումների համաձայնեցումը։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների հեռանկարների վերաբերյալ», - ասվում է հաղորդագրության մեջ։

 

Սերգեյ Լավրովը ելույթ կունենա Ռուս-Հայկական Համալսարանում ռուսաստանյան համալսարանների մասնաճյուղերի դասախոսների եւ ուսանողների, ինչպես նաեւ փորձագիտական հանրության առջեւ, Ռուսական տանը կհանդիպի հայրենակիցների հետ։

 

«Մոսկվայում ակնկալում են, որ այցը կնպաստի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ քաղաքական եւ միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, փոխըմբռնման աճին եւ կողմերից յուրաքանչյուրի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի փոխադարձաբար ընդունելի լուծումների որոնմանը», - նշել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին