«ԵՄ-ն ողջունում է ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգը» - Mediamax.am

159 դիտում

«ԵՄ-ն ողջունում է ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգը»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի հետ հանդիպմանը կարեւորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումը:

Կառավարությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է կառավարության հանձնառությունը՝ «խորացնելու եւ ընդլայնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ բոլոր ուղղություններով»:

 

«Գերտ Յան Կուպմանը իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով, որ ԵՄ-ը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի եւ արժանահավատ գործընկեր։ Նա դրական է գնահատել վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը՝ նշելով, որ դա կարեւոր ուղերձ է, որը վկայում է Հայաստանի եվրոպական ընտրության անկեղծության եւ հետեւողականության մասին։ Կուպմանն ընդգծել է, որ ԵՄ-ն ողջունում է ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգը եւ պատրաստ է հետեւողականորեն աջակցել այդ գործընթացին՝ ընդլայնելով համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանն ու քաղաքացիական հասարակության զարգացմանը»,- ասված է է կառավարության հաղորդագրությունում:

 

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Գերտ Յան Կուպմանը քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող խնդիրներ, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին