ՀԱՊԿ-ում մնալու կամ դուրս գալու հարցում կարծիքները գրեթե հավասար են - Mediamax.am

731 դիտում

ՀԱՊԿ-ում մնալու կամ դուրս գալու հարցում կարծիքները գրեթե հավասար են


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի իրականացրած սոցիոլոգիական հետազոտության համաձայն՝ Հայաստանում 2025 թվականի փետրվարի դրությամբ հարցվածների 47.6%-ը կարծում է, որ ՀՀ-ն պետք է «անհապաղ» դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), 47.5%-ը կարծում է, որ Հայաստանը պետք է մնա ՀԱՊԿ-ում, իսկ 4.8%-ը դժվարացել է պատասխանել:

2024-ի հոկտեմբերին ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն կողմ է եղել 50.0%-ը, դեմ՝ 39.9%-ը, դժվարացել է պատասխանել 10.0%-ը:

 

Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալուն, ապա հարցվածների 40.5%-ը կարծում է, որ Հայաստանը պետք է դուրս գա կառույցից, 53.3%-ը կարծում է, որ Հայաստանը պետք է մնա ԵԱՏՄ-ում, իսկ 6.2%-ը դժվարացել է պատասխանել:

Հավատում ե՞ք, որ Հայաստանը կարող է միանալ Եվրամիությանը տեսանելի ապագայում հարցին, մասնակիցների 53.9%-ը 2025-ի փետրվարին դրական է պատասխանել, 43.4%-ը՝ բացասական պատասխանել, իսկ 2.7%-ը՝ դժվարացել պատասխանել: Նույն հարցի վերաբերյալ 2024-ի հոկտեմբերին դրական էր պատասխանել 56.4%-ը, բացասական՝ 41.1%-ը, 2.5%-ը դժվարացել է պատասխանել:

 

Հարցվածների 47.2% դրական է պատասխանել հարցին, թե ԱՄՆ հետ ռազմավարական գործընկերության մասին կնքված փաստաթուղթը կլուծի՞ Հայաստանի անվտանգության խնդիրը, իսկ 48.7%-ը բացասական պատասխան է տվել:

 

Հարցումն իրականացվել է պլանշետների միջոցով հեռախոսային հարցման մեթոդով (Computer-Assisted Telephone Interviewing, CATI): Կիրառվել է պատահական ընտրանք, որի համար հիմք է հանդիսացել պատահականորեն գեներացված հեռախոսահամարների բազան: Հարցումն իրականացվել է 18 և ավելի տարեկան, հայերեն լեզվին տիրապետող ՀՀ բնակիչների հետ։

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին