Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «հայկական ֆաշիզմը ֆաշիզմի գագաթնակետն է»։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Աղդամի շրջանի Սարըջալի գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է.
«Աղդամ քաղաքը եւ շրջանի բոլոր գյուղերը լիովին ավերվել էին ատելի թշնամու կողմից, ոչ մի ամբողջական շենք չի մնացել։ Սա մեկ անգամ եւս ցույց է տալիս թշնամու էությունը, նրա բացարձակապես անհիմն թշնամանքը մեր նկատմամբ։ Պատահական չէ, որ որոշ արտասահմանցի փորձագետներ, լրագրողներ, այցելելով Աղդամ, չեն կարողանում թաքցնել իրենց զարմանքը եւ նույնիսկ զայրույթը։
Աղդամն անվանում են «Կովկասի Հիրոսիմա»։ Բայց տարբերությունն այն է, որ Հիրոսիման ավերվել է ատոմային ռմբակոծության արդյունքում, իսկ Աղդամը 30 տարվա ընթացքում քար առ քար տարվել է գողերի, հայ թալանչիների կողմից։ Այսինքն՝ սա աննախադեպ վայրագություն է։ Ես բազմիցս ասել եմ այս մասին. հայկական ֆաշիզմը ֆաշիզմի գագաթնակետն է»։
Իլհամ Ալիեւն նաեւ ասել է.
«Ինչպես գիտեք, պատերազմի ընթացքում Աղդամի ուղղությամբ ակտիվ ռազմական գործողություններ չեն իրականացվել։ Հակառակորդը հզոր ամրություններ էր կառուցել, եւ այստեղ ամեն ինչ ականապատված էր: Այդ պատճառով մենք սկսեցինք շարժվել Աղդամի ուղղությամբ Հադրութի, Ջեբրաիլի, Ֆիզուլիի ազատագրումից հետո։ Եվ հակառակորդի ուժերը փաստացի պաշարման մեջ հայտնվեցին։ Ադրբեջանը կրկին մարդասիրություն դրսեւորեց եւ թշնամուն շանս տվեց լքել այս հողերը։ Ադրբեջանական պետությունը կրկին մարդասիրություն դրսեւորեց այն տարրերի նկատմամբ, որոնք դրան արժանի չեն։ Որովհետեւ մեր նկատմամբ ոչ մի մարդասիրություն չի դրսեւորվել։ Մեր դեմ ցեղասպանություն է իրականացվել։ Մեր ժողովուրդը մեծ տառապանքներ է կրել։ Մեր քաղաքները ավերվել են, մեր գյուղերն ու քաղաքները ոչնչացվել են»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: