Ադրբեջանը «կտրականապես մերժում է» Փաշինյանի աշխատակազմի հայտարարությունը - Mediamax.am

900 դիտում

Ադրբեջանը «կտրականապես մերժում է» Փաշինյանի աշխատակազմի հայտարարությունը


Լուսանկարը` report.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն այսօր ասել է, որ «մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի վարչապետի գրասենյակի հայտարարությունը, որը, բացի Ադրբեջանի դեմ անհիմն պնդումներից, նաեւ խեղաթյուրում է փաստերն ու իրական իրավիճակը սահմանամերձ շրջաններում»։

«Բարի կամք դրսեւորելու եւ սադրանքներին վերջ տալու փոխարեն հայկական կողմն անում է վերացական եւ գործնականում անհնարին առաջարկներ, որոնք հիմք չունեն, ինչպես դա Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների գրեթե 30-ամյա օկուպացիայի ժամանակ էր։ Դա հիշեցնում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկները՝ օկուպացիան դադարեցնելու կոչերի փոխարեն»,- ասել է Հաջիզադեն։

 

Նա նշել է, որ, «եթե Հայաստանի կառավարությունը առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչպես պնդում է վարչապետի գրասենյակը, ապա նպատակահարմար կլինի, որ նրանք բացատրեն, թե ինչպես է Հայաստանի լայնածավալ ռազմականացումը՝ ներառյալ սահմանամերձ տարածքներում հարձակողական զենքի տեղակայումը, ծառայում նման օրակարգին»։

 

Հայաստանի վարչապետի աշխատակազմն այսօր հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ «այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանին չի փոխանցվել ՀՀ բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ»:

 

Գրասենյակի հայտարարության մեջ նաեւ նշվում էր.

 

«Հայաստանի վարչապետի աշխատակազմը, վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը, հայտարարում է, որ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչի անհերքելի ապացույցն են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացմանն ուղղված քայլերը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին