Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետի աշխատակազմի հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանին չի փոխանցվել ՀՀ բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում»:
Վարչապետի աշխատակազմի հայտարարությունում ասվում է.
«Մարտի 16–ից 18–ն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 6 հաղորդագրություն է տարածել Հայաստան–Ադրբեջան սահմանին Հայաստանի բանակի կողմից իբրեւ թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերը նշված բոլոր հաղորդագրություններից հետո իրականացրել է ստուգողական աշխատանքներ եւ ստուգման արդյունքներով հերքել Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին պնդումները։
Այդ բոլոր հերքման հաղորդագրություններում ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցրել է դեռեւս 2024 թվականի հունիսի 22–ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջարկը՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին, որին Ադրբեջանը մինչեւ օրս դրական չի արձագանքել։
ՀՀ պաշտպանության նախարարության 2025 թվականի մարտի 17–ի հաղորդագրության մեջ արձանագրվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ–ին փոխանցելու պարագայում։
Հայաստանի վարչապետի աշխատակազմը, վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը, հայտարարում է, որ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։
Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչի անհերքելի ապացույցն են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացմանն ուղղված քայլերը։
Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը եւ տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը կարեւորագույն քայլ է եւ Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում մեկնարկել խորհրդակցությունները համաձայնագրի ստորագրման տեղի եւ ժամկետների վերաբերյալ։
Հարկ ենք համարում ընդգծել, որ Համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման հիմնարար հարցերը եւ մեխանիզմներ է նախատեսում հետագա անելիքների քննարկման համար։
Անհրաժեշտ ենք համարում արձանագրել նաեւ, որ 2025 թվականի հունվարին Հայաստանը գրավոր կերպով Ադրբեջանին է փոխանցել Ադրբեջանի արեւմտյան շրջաններից Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւանի ինքնավար հանրապետություն, հակառակ ուղղությամբ եւ դեպի երրորդ երկրներ, եւ Հայաստանի հյուսիս–արեւմտյան շրջաններից Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հարավային հատված, հակառակ ուղղությամբ եւ դեպի երրորդ երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ, ինչպես նաեւ սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։
Միեւնույն ժամանակ, վերահաստատում ենք, որ Հայաստանը պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայն»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: