Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «արեւմտյան որոշ առաջնորդներ շատ անարդար էին նախագահ Թրամփի հանդեպ»։
Ինչպես հաղորդում է Trend-ը, չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալիեւը հայտարարել է.
«Եվրոպական առաջնորդների շրջանում կա մեծ անորոշություն եւ, կասեի, մեծ անհանգստություն։ Պատճառը շատ պարզ է։ Բոլորս գիտենք, թե նրանցից ոմանք ինչպես են վերաբերվել պարոն Թրամփին վերջին չորս տարիների ընթացքում, երբ նա նախագահ չէր։ Բոլորս գիտենք, թե նրանք ում էին աջակցում վերջին նախագահական ընտրություններում։ Եվ եթե մենք դա գիտենք, նախագահ Թրամփն առավել եւս գիտի։ Մենք տեսանք առաջին «որակազրկումը»՝ դրան ենթարկվեց Կանադայի վարչապետը։ Նախագահ Թրամփի մեկ խոսքը բավական եղավ, որ նա հրաժարական տա։
Որոշ արեւմտյան առաջնորդներ շատ անարդար են եղել նախագահ Թրամփի հանդեպ, եւ, անշուշտ, նրանք անհանգստացած են, որ հիմա, հնարավոր է, եկել է դրա համար պատասխանատվություն կրելու ժամանակը։ Սա իմ կարծիքն է։ Գուցե սխալվում եմ։ Բայց ես ԱՄՆ-ում փոփոխությունների վերաբերյալ անհանգստության այլ լուրջ պատճառներ չեմ տեսնում։ Կարծում եմ՝ աշխարհը կարող է շատ ավելի ապահով դառնալ»։
Ալիեւը հայտարարել է, որ Թրամփի կառավարման առաջին ժամկետում «մեր հարաբերությունները զարգանում էին շատ հաջող, ի տարբերություն վերջին չորս տարիների, երբ դրանք լիովին վատթարացան Բայդենի վարչակազմի՝ Ադրբեջանի հանդեպ անարդար եւ անազնիվ մոտեցման պատճառով»։
Նույն հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հայտարարել է.
«Մեր դիրքորոշումն այն է, որ եթե յուրաքանչյուր երկիր կենտրոնանա իր օրակարգի վրա եւ չփորձի միջամտել այլ երկրների գործերին, ապա չեն լինի հակամարտություններ, տարաձայնություններ եւ պատերազմներ։ Միակ պատճառը, որ մենք դեռ ունենք անկայուն իրավիճակներ եւ արյունահեղություն ամբողջ աշխարհում, այն է, որ իմպերիալիստական անցյալ ունեցող երկրները ցանկանում են շարունակել միջամտել, գերիշխել եւ թելադրել։ Եվ դա, բնականաբար, դիմադրություն է առաջացնում»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: