Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանը որոշել է «որդեգրել բալանսավորված եւ բալանսավորող արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ կփորձենք բալանսավորել մեր հարաբերությունները Եվրամիության, Ռուսաստանի եւ տարածաշրջանային ուժերի հետ»:
Այս մասին նա ասել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում «Ինչպես ընդլայնել Եվրոպայի ազդեցությունը» թեմայով պանելային քննարկման ժամանակ:
«Շատ կարեւոր են մեր հարաբերություններն Իրանի հետ։ Փորձում ենք դիվանագիտական կապեր հաստատել Թուրքիայի հետ, փորձում ենք խաղաղության գործարքի հասնել Ադրբեջանի հետ։ Դա հեշտ չէ։ Բայց, մյուս կողմից, ես չեմ կարծում` դա անհնարին է։ Ամենակարեւորը խաղաղության օրակարգից չշեղվելն է, մենք պետք է կենտրոնանանք դրա վրա` որպես նպատակ եւ աշխատել առանց հանձնվելու, առանց հիասթափվելու։ Բայց սրա համար, իհարկե, մենք միջազգային հանրության աջակցության կարիքն ունենք, եւ ես հույս ունեմ, որ այս աջակցությունը կլինի:
Մենք թափանցիկ ենք մեր մտադրություններում մեր բոլոր միջազգային գործընկերների հետ։ Մենք մեր բոլոր գործընկերների հետ կիսվում ենք, թե ինչ ենք անում մեր մյուս գործընկերների հետ։
Փորձում ենք մոտ լինել Եվրամիությանը, ինտենսիվ կերպով փորձում ենք մեր դիրքորոշումներով կիսվել Իրանի, Ռուսաստանի եւ մնացած մեր գործընկերների հետ, որովհետեւ Հայաստանն անկախ պետություն է եւ, թեեւ գտնվում ենք մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, այն նաեւ փոփոխությունների մեծ հնարավորություն է բացում։ Ակնհայտորեն, փոփոխությունների ժամանակաշրջաններն իրենց հետ բերում են մեծ վտանգներ, բայց նաեւ հսկայական հնարավորություններ։ Եվ մենք փորձում ենք կառավարել վտանգները եւ օգտվել հնարավորություններից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: