Մոսկվայում պնդում են, որ Հայաստանը սկսել է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը - Mediamax.am

568 դիտում

Մոսկվայում պնդում են, որ Հայաստանը սկսել է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանը Հայաստանում Եվրոպական միությանը միանալու մասին օրենքի նախագծի քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) հանրապետության դուրս գալու մեկնարկ։

Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ նշելով, որ Մոսկվան «Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը կառուցելու է՝ հաշվի առնելով այս հանգամանքը»։

 

«Միևնույն ժամանակ, դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ընտրությունն է, որի իրավունքը այդ երկիրն անկասկած ունի»,- ընդգծել է փոխվարչապետը։

 

Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ «ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, քանի որ երկու միություններն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ»:

 

«Անհնար է պատկերացնել, որ այս երկու միավորումները ինչ-որ կետում կհատվեն։ Ուստի Հայաստանում քննարկվող «Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագիծն երկիրը դնում է ընտրության առաջ»,- պարզաբանել է նա։

 

Օվերչուկը նշել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում կբարձրանան էներգակիրների գները։

 

Նրա խոսքով, «ավելի հստակ է դառնում, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը արտոնություն է, և հաշվի առնելով այն տնտեսական և սոցիալական խնդիրները, որոնց բախվում է Եվրամիությունը, ԵՄ-ին անդամակցելը կարելի է համեմատել «Տիտանիկ»-ի տոմս գնելու հետ»:

 

Մեդիամաքսը նշում է, որ 2024 թվականի ամռանն Ալեքսեյ Օվերչուկը արդեն խոսել էր ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելիության մասին:

 

«Այն օգուտները, որ ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մերձեցումից, պետք է ընկալել որպես վճար, որը տալիս ենք մեր անվտանգության եւ ռազմավարական խորության համար։ Հետեւաբար, ինչ-որ արտատարածաշրջանային խաղացողների մուտքն այնտեղ, իհարկե, հետեւանքներ կունենա»,- ասել էր ՌԴ փոխվարչապետը:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի դեկտեմբերին ասել էր, որ «ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական եւ, առավել եւս՝ աշխարհաքաղաքական օրակարգ»։

 

«Մենք շարունակում ենք այն այդպես ընկալել եւ հենց այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը։ ԵԱՏՄ-ն եւ նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ։ Առեւտրի եւ ինտեգրման հիմնարար ազատությունները չեն կարող եւ չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներից ելնելով, դա միանշանակ կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կոռոզիայի», - ասել էր Փաշինյանը՝ Սանկտ Պետերբուրգում ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

 

2024 թվականի հունվարին նա կրկնել էր այդ միտքը՝ ասելով, որ «միայն ջանքերի համադրմամբ ԵԱՏՄ անդամ երկրները կկարողանան ապագա սերունդների համար ստեղծել տնտեսական համագործակցության էլ ավելի կայուն մոդել, որը կապակցված չի լինի քաղաքական կամ աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին