ԵԽ կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել պայմաններ ստեղծել հայերի վերադարձի համար - Mediamax.am

6985 դիտում

ԵԽ կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել պայմաններ ստեղծել հայերի վերադարձի համար


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի Խորհրդի Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել «ստեղծել քաղաքական, իրավական եւ գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ եւ անարգել վերադարձի համար, ինչպես նաեւ ստեղծել հատուկ մեխանիզմ՝ սեփականության հարցերը լուծելու նպատակով»։

Այս մասին ասվում է Խորհրդատվական կոմիտեի կարծիքի մեջ։

 

Փաստաթղթում նշվում է.

 

«Ադրբեջանի իշխանություններին համոզիչ կերպով առաջարկում ենք գույքագրում անցկացնել, պաշտպանել եւ պահպանել հայկական բոլոր կրոնական եւ մշակութային վայրերն ու արտեֆակտները, ինչպես նաեւ հետաքննել տարածաշրջանում էթնիկ հայերի կողմից օգտագործվող պատմամշակութային հուշարձանների եւ գերեզմանոցների վանդալիզմի, ոչնչացման եւ փոփոխման մասին բոլոր պնդումները: Բոլոր պատկան մարմինները, ներառյալ ամենաբարձր քաղաքական մակարդակում, պետք է հստակ ճանաչեն էթնիկ հայերի պատմական ներդրումը Ղարաբաղի մշակութային ժառանգության մեջ եւ երաշխավորեն Ղարաբաղում էթնիկ հայերի, այդ թվում՝ արտերկրում ապաստան գտածների մշակութային եւ կրոնական իրավունքների պաշտպանությունը»։

 

Եվրախորհրդի Խորհրդատվական կոմիտեն նաեւ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության համատեքստում առկա է Հայաստանի Հանրապետության դեմ հրապարակային հռետորաբանություն, որն անմիջական ազդում է էթնիկ հայերի նկատմամբ վերաբերմունքի վրա, եւ կոչ արել Ադրբեջանի իշխանություններին «խստորեն դատապարտել հայ համայնքի մաս կազմող անձանց նկատմամբ անհանդուրժողականության ցանկացած դրսեւորում՝ հաշտեցման գործընթացը ավելի դյուրին դարձնելու նպատակով»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին