Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն այսօր ասել է, որ «ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունը ոչ միայն զուտ ափսոսանք է առաջացնում, այլեւ կասկածի տակ է դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի կառուցողական ներգրավվածությունը»:
Այս մասին նա ասել է՝ պատասխանելով ՌԴ ԱԳ նախարարի այն պնդմանը, թե հենց Հայաստանն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանավորվածությունը։
«Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության զանազան պաշտոնյաների՝ իրականությանը չհամապատասխանող, ակնհայտորեն կողմնակալ, հաճախ անհարգալից մեկնաբանությունները, ցավոք, վաղուց արդեն նորույթ չեն, եւ եթե նկատել եք, տեւական ժամանակ է, ինչ մենք անգամ չենք անդրադառնում դրանց:
Երբեմնի միջնորդական առաքելություն ստանձնած, 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած, դրա հիման վրա տարածաշրջանում խաղաղապահ զորախումբ տեղակայած պետության ԱԳ նախարարը չի կարող չտեսնել, որ չկա այդ հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որն անդառնալիորեն խախտված չլինի՝ չնայած դրա ներքո ՌԴ ստորագրությանը եւ դրանով նախատեսված գործընթացներում ՌԴ մասնակցությանն ու պատասխանատվությանը: Կարծում ենք նաեւ, որ ՌԴ ԱԳ նախարարը քաջատեղյակ է, որ հրապարակային փաստաթղթերից դուրս՝ Հայաստանը որեւէ այլ պայմանավորվածության մաս չի կազմում, հետեւաբար՝ չի կարող սաբոտաժի ենթարկել դրանք»,- նշել է խոսնակը:
«Հարկ ենք համարում ընդգծել նաեւ, որ ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արդեն իսկ լայն ճանաչում ունի միջազգային հանրության շրջանում, այն մի քանի անգամ ներկայացվել է նաեւ ՌԴ ներկայացուցիչներին։ Վերահաստատում ենք, որ դրա շրջանակներում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը հնարավոր է բառացիորեն ամեն պահի։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դրական արձագանքի է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից, եւ ՌԴ ԱԳՆ գործընկերներին կոչ ենք անում կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել այն, ոչ էլ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը:
Հայաստանի կառավարությունը բազմիցս վերահաստատել եւ հիմա էլ վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին եւ իր բաժին աշխատանքը կկատարի այդ օրակարգը բարեհաջող իրացնելու համար»,- նշված է հայտարարության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: