«Մեծ Յոթնյակը» Բաքվին կոչ է արել կատարել մարդասիրական պարտավորությունները - Mediamax.am

2958 դիտում

«Մեծ Յոթնյակը» Բաքվին կոչ է արել կատարել մարդասիրական պարտավորությունները


Լուսանկարը` https://www.g7italy.it/


Երեւան: Մեդիամաքս: «Մեծ Յոթնյակի» (G7) երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր Ադրբեջանին կոչ են արել «ամբողջությամբ կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները»:

Կապրիում կայացած հանդիպման արդյունքներով այսօր արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ընդունած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

 

«Կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ եւ տեւական խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Հիշեցնում ենք 2023 թվականի դեկտեմբերի 7-ին կողմերի Համատեղ հայտարարության մասին եւ խրախուսում ենք նրանց պահպանել համագործակցության այդ ոգին։ Հետագա էսկալացիան անընդունելի կլինի։

 

Կոչ ենք անում Ադրբեջանին ամբողջությամբ կատարել միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված պարտավորությունները եւ խրախուսում ենք համապատասխան քայլերը՝ ապահովելու այն փախստականների եւ տեղահանվածների արժանապատիվ եւ կայուն վերադարձը, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները։

 

Մեծ Յոթյակը եւ նրա անդամները պատրաստ են նպաստել հետագա կառուցողական շփումներին բոլոր մակարդակներում, հատկապես ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից տրամադրված բանակցային շրջանակներում, որոնց շարունակական ջանքերը մենք բարձր ենք գնահատում:

Վերահաստատում ենք 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին հավատարմության պահպանման կարեւորությունը, որում Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կոչ ենք անում ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը եւ բացել բոլոր սահմանները, ներառյալ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին