Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերն այսօր Բրյուսելում քննարկել են Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ ռեֆորմներին հետագա աջակցության հարցերը:
«Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է հետևողական քայլերը բարեփոխումների ուղղությամբ և ընդգծել, որ այն ունի ռազմավարական նշանակություն: Սամանթա Փաուերը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ և պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման:
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային գործընկերների, այդ թվում ԱՄՆ-ի կողմից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցությունը և ընդգծել դրա շարունակական ապահովման անհրաժեշտությունը:
Այս համատեքստում քննարկվել են բռնի տեղահանվածներին աջակցության հետագա քայլերին, մասնավորապես, բնակարանային ապահովման խնդրին վերաբերող հարցեր», - ասված է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: