Բաքուն մեղադրել է Ֆրանսիային «նոր լարվածություն ստեղծելու» համար - Mediamax.am

1077 դիտում

Բաքուն մեղադրել է Ֆրանսիային «նոր լարվածություն ստեղծելու» համար


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն ասել է, որ Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը «տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելու Փարիզի ջանքերի վառ օրինակ է»։

«Փարիզում ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքները տարածաշրջանում ակնհայտ լարվածություն ստեղծելու և խաղաղ գործընթացին խոչընդոտելու Ֆրանսիայի ջանքերի նոր վառ օրինակ են»,- ասել է Հաջիզադեն։

 

Նրա խոսքով, անընդունելի է, երբ ֆրանսիական կողմը, «որը ակտիվորեն զինում է Հայաստանին եւ խրախուսում է տարածաշրջանի միլիտարիզացիան, Ադրբեջանին մեղադրում է ագրեսիվ հռետորաբանության մեջ»։

 

«Բոլորին համար պետք է պարզ լինի, որ Ֆրանսիայի նման երկրների քաղաքականությունը, որը վերջին 30 տարիներին կոծկում էր Հայաստանի ագրեսիան, ոչ մի օգուտ չի բերել։ Փարիզը պետք է հասկանա, որ իր ապակառուցողական գործունեությունը պետք է դադարեցվի»,- ընդգծել է Հաջիզադեն։

 

Ապրիլի 2-ին Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն ասել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի հետ քննարկել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, «որը վիճարկվում է Ադրբեջանի կողմից»։

 

«Մենք շատ մտահոգված ենք՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի հռետորաբանությունը դուրս է գալիս վերահսկողությունից։ Մենք նաեւ տեսնում ենք Բաքվից տարածվող կեղծ լուրերի աճ, եւ նրանք հակված են Հայաստանին մեղադրել էսկալացիայի համար, թեեւ Հայաստանը, հավանաբար, միակն է, որը փորձում է խուսափել դրանից:

 

Այս քարոզչությունը շատ ընդհանրություններ ունի նրա հետ, ինչը Ռուսաստանը պարտադրում է Ուկրաինային։ Հարգելի Էնթոնի, կարծում եմ, որ մենք պետք է ծայրահեղ ուշադրություն դարձնենք սրան Բաքվում նախատեսված COP29 գագաթնաժողովից 6 ամիս առաջ», - Փարիզում ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել էր Ստեֆան Սեժուրնեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին