Միրզոյան. Արեւմուտքի հետ մեր հարաբերությունների խորացումը Ռուսաստանի դեմ ուղղված չէ - Mediamax.am

2867 դիտում

Միրզոյան. Արեւմուտքի հետ մեր հարաբերությունների խորացումը Ռուսաստանի դեմ ուղղված չէ


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության դիտորդական առաքելությունը կայունության գործոն է դարձել։

«ԵՄ-ն որպես ինստիտուտ առաջին անգամ է մասնակցում Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցերին։ Այս առաքելության տեղակայումից հետո սահմանին լարվածությունն էականորեն նվազել է, ստացվում է՝ այս առաքելությունը էական գործոն է դարձել սահմանին կայունության համար»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասել է Արարատ Միրզոյանը:

 

Արտգործնախարարը վերահաստատել է, որ Հայաստանը սառեցրել է մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։

 

«Մեզ համար մինչ այս պահն անհասկանալի է, թե ինչպես են ՀԱՊԿ մեր գործընկերները պատկերացնում Հարավային Կովկասում իրենց պատասխնատվության գոտիները: Սա հարցեր է առաջացնում հայկական կողմի մոտ, եւ քանի դեռ այս հարցերի պատասխանը չունենք, մեր մասնակցությունը որոշակիորեն սառեցրել ենք»,- ասել է նա:

 

Նախարարի խոսքով՝ Հայաստանը գերակտիվ ջանքեր է գործադրել, որ ՀԱՊԿ գործընկերների հետ ձեւավորվի այն նվազագույն փոխընդունելի ձեւակերպումը, որով կարելի էր անդրադառնալ Հայաստանի հետ տեղի ունեցածին։

 

«Ի վերջո, տեսել ենք, որ այդ ջանքերը չեն պսակվում հաջողությամբ։ Այնպես չի, որ ամեն ինչ նորմալ աշխատում էր, եւ հանկարծ մի օր որոշեցինք փորձել եւ շրջադարձ անել դեպի Արեւմուտք, ու խնդիրներ առաջացան: Ճիշտ հակառակն է. հարցը, որի հետ գործ ունենք, վեր է մեր քաղաքական հակասություններից: Գործ ունենք մեր երկրի գոյության, ինքնիշխանության հնարավոր կորստի հետ:

 

ՀՀ-ն որեւէ մեկի դեմ որեւէ ծրագրում ներգրավված չէ: Արեւմուտքի, ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, նաեւ մեր հարեւանների դեմ չէ․ նպատակը ՀՀ անվտանգության բարձրացումն է»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին