Բոռել. «Պատմական պահ է Հայաստանի հետ ԵՄ հարաբերություններում» - Mediamax.am

1874 դիտում

Բոռել. «Պատմական պահ է Հայաստանի հետ ԵՄ հարաբերություններում»


Լուսանկարը` https://www.mfa.am/


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելն ասել է, որ «մենք պատմական պահ ենք ապրում ԵՄ-Հայաստան հարաբերություններում. այսօր դրանք ամուր են, քան երբեւէ»։

Բոռելի ելույթը Եվրախորհրդարանում կայացած լսումների ժամանակ ընթերցել է միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնենը։

 

«2023 թվականի հոկտեմբերին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նիստում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ ուղերձ հղեց՝ Հայաստանը պատրաստ է մերձենալ Եվրամիությանը։ Ի պատասխան՝ Եվրոպական խորհուրդը հանձնարարեց Բարձր ներկայացուցչին եւ Հանձնաժողովին ուսումնասիրել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղիները բոլոր հարթություններում։ Անցած ամիսների ընթացքում մենք աշխատել ենք այս ուղղությամբ։

 

Ճանապարհը երբեմն կարող է դժվարին լինել: Հայաստանի նախկին որոշումները, որոնք հանգեցրել են քաղաքական, տնտեսական եւ անվտանգային կախվածության, չեն կարող հաղթահարվել մեկ օրում։ Բայց երկու կողմերի հստակ քաղաքական կամքը մեզ թույլ կտա առաջ գնալ մեր գործընկերության խորացման եւ ընդլայնման համար», - ասել է Բոռելը:

 

Նա նշել է, որ «անվտանգությունը մեր հարաբերությունների կարեւոր տարր է դառնում»։

 

«Մենք ընդլայնում ենք մեր երկխոսությունը արտաքին եւ անվտանգային քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաեւ ուսումնասիրում ենք Հայաստանի մասնակցությունը ԵՄ-ի գլխավորած առաքելություններին եւ գործողություններին», - ասել է նա:

 

«Եվրամիությունը շարունակում է աջակցել Ղարաբաղի հայերին։ Մենք 12,2 միլիոն եվրո ենք հատկացրել հրատապ հումանիտար կարիքները հոգալու համար եւ կհատկացնենք լրացուցիչ 5,5 միլիոն եվրո»,- ասել է Բոռելը։

 

«Մեր ամուր հանձնառությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին մնում է անփոփոխ։ Մենք պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղությանը՝ հիմնված երկու երկրների ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա։ Մենք մերժում ենք ուժի ցանկացած կիրառում կամ սպառնալիք եւ շարունակում ենք աջակցել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,- ասել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին