Մոսկվայում «անօգուտ» են որակել Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնումը - Mediamax.am

3340 դիտում

Մոսկվայում «անօգուտ» են որակել Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնումը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը կարծում է, որ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնումը Հայաստանում կուժեղացնի լարվածությունը Անդրկովկասում։

«Այդ առաքելության հայտնվելը Հայաստանում բոլորովին անօգուտ քայլ է հայ-ադրբեջանական կարգավորմանը նպաստելու տեսանկյունից։ Մենք համոզված ենք, որ ԵՄ առաքելության ընդլայնումը բացարձակապես անօգուտ կլինի եւ որեւէ արդյունք չի տա կարգավորմանը նպաստելու առումով, որի հիմնարար սկզբունքները մշակվել են 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից եւ ամրագրվել մի քանի համատեղ եռակողմ  հայտարարություններում»,- Գալուզինի այս խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

 

«Եվրամիությունը ոչ մի նոր բան չի բերում Անդրկովկաս, բերում է միայն լրացուցիչ լարվածություն եւ անվստահություն։ Անդրկովկասում Եվրամիության քաղաքականությունն ուղղված է բացառապես Ռուսաստանին այնտեղից դուրս մղելուն՝ օգտագործելով մեր մշակումները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ կարգավորման գործընթացում»,- հավելել է դիվանագետը։

 

Եվրամիության արտաքին գործերի նախարարները որոշում են կայացրել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) կազմն ընդլայնել մինչեւ 209 դիտորդ: Այս մասին դեկտեմբերի 11-ին հայտարարել էր ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ։

 

«Սա առաքելության ծավալների կարեւոր ավելացում է, եւ դա Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանին կայունությանը նպաստելու միջոց է», - ասել էր Բորելը:

 

Նրա կարծիքով, «այժմ կա պատմական հնարավորություն տարածաշրջանում խաղաղության հասնելու համար, եւ ԵՄ-ն մտադիր է այդ ուղղությամբ աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ»։

 

Նոյեմբերի 1-ին EUMA-ի ղեկավար Մարկուս Ռիտերը հայտնել էր, որ Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը (EUMA) ամբողջությամբ համալրված է, նրա կազմում աշխատում է 93 դիտորդ ԵՄ 23 երկրներից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին