Զախարովա. Մենք հիմք չենք տալիս, որ «սադրանքի բացիլը» աճի - Mediamax.am

4907 դիտում

Զախարովա. Մենք հիմք չենք տալիս, որ «սադրանքի բացիլը» աճի


Լուսանկարը` https://ptoday.ru/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ «արեւմտյան լրատվամիջոցները «հեծնել են» պաշտոնական Երեւանի ներկայացուցիչներին՝ նրանցից կորզելով սադրիչ հարցերի պատասխաններ, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն առավելագույն վնաս հասցնել Մոսկվայի եւ Երեւանի բազմաբնույթ կապերին»։

Զախարովան այս մասին ասել է՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ The Wall Street Journal-ին տված հարցազրույցը։

 

«Ցավոք, ներկա հայկական իրողություններում նման հրահրումները արդյունք են տալիս։ Մեզ նույնպես հաճախ են սադրիչ հարցեր տալիս։ Բայց մենք նախընտրում ենք պատասխանել, որ մեր Հայաստանի հետ հարաբերություններում առկա տարաձայնությունները մենք լուծում ենք երկկողմ խողովակներով։ Հիմք չենք տալիս, որ սադրանքի բացիլը աճի»,- նշել է ռուսաստանցի դիվանագետը։

 

«1990-ականներից ռուսաստանյան ռազմական ներկայությունը եւ մեր սահմանապահների ներկայությունը պահանջված են Հայաստանի համար՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում ստեղծված ծանր իրավիճակը եւ Երեւանի չկարգավորված հարաբերությունները հարեւանների հետ։ Ռուսական 102-րդ բազան պարբերաբար ուսումնավարժական միջոցառումներ է անցկացնում՝ բարելավելու մարտական պատրաստվածությունը եւ հայ գործընկերների հետ փոխհամաձայնեցվածությունը։ Մեր սահմանապահները հակազդում են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձերին, կանխում են մաքսանենգությունը հայ-իրանական սահմանին, իսկ 2020 թվականի դեկտեմբերից մոնիտորինգ են իրականացնում նաեւ հայ-ադրբեջանական սահմանին։ Ձեռնարկված բոլոր միջոցառումներն իրականացվում են հայկական կողմի հետ համատեղ՝ հարգելով հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

 

Ինչ վերաբերում է Ղարաբաղում ռուս խաղաղապահներին, եթե չլինեին նրանք, ապա 2020 թվականի աշնանից սկսած իրավիճակը տարածաշրջանում կարող էր զարգանալ Երեւանի համար շատ ավելի դրամատիկ սցենարով, հատկապես այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը հրապարակավ ճանաչեց Ղարաբաղի պատկանելիությունը Ադրբեջանին։

 

ՀԱՊԿ-ի հասցեին Երեւանի դժգոհությունների վերաբերյալ։ Այս կազմակերպության արդյունավետությունը համոզիչ կերպով ապացուցվեց 2022 թվականի հունվարին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ Եթե Հայաստանի ղեկավարությունը համաձայներ կազմակերպության դիտորդական առաքելություն տեղակայել հանրապետության տարածքում, ապա հնարավոր կլիներ խուսափել բազմաթիվ խնդիրներից։ Սակայն դրա փոխարեն Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որը մոնիտորինգի քողի տակ հետախուզություն է իրականացնում Ռուսաստանի եւ Իրանի դեմ»,- ասել է Մարիա Զախարովան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին