Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «փորձում ենք դիվերսիֆիկացնել մեր անվտանգային ոլորտի հարաբերությունները»:
Կառավարության ղեկավարն այդ մասին ասել է The Wall Street Journal-ի տված հարցազրույցում, որի ամբողջական հայերեն սղագրությունը հրապարակվել է վարչապետի կայքում:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ 2021 թվականի մայիսին եւ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ է իրականացրել Հայաստանի նկատմամբ եւ տարածքներ է օկուպացրել:
«Հավաքական անվտանգության պայմանագրի մեջ եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ հստակ նշված են այն գործողությունները, որոնք պետք է տեղի ունենան, երբ անդամ երկրի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում: Նկարագրվածը տեղի չի ունեցել եւ, բնականաբար, դա հիասթափեցնող է եւ՛ Հայաստանի կառավարության, եւ՛ հայ հանրության համար:
Նաեւ Ռուսաստանի հետ մենք անվտանգության ոլորտում երկկողմ պայմանագիր ունենք, եւ այդ պայմանագրում նկարագրված գործողությունները նույնպես տեղի չեն ունեցել, ինչը նույնպես շատ լուրջ հարցեր է առաջացրել եւ՛ կառավարության, եւ՛ հանրության շրջանում», - ասել է ՀՀ վարչապետը:
Արձագանքելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը նախատեսում է Ռուսաստանից պահանջել հանել իր ռազմակայանը իր տարածքից, Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Մենք նման հարց չենք քննարկում: Մենք հիմա ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ի՞նչն է նման իրադրության պատճառը, եւ սա Հայաստանի եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ ՀԱՊԿ միջեւ աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»:
Պատասխանելով մեկ այլ հարցի՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն է, թե խոչընդոտող հանգամանք, Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Գոնե այս պահին, իմ նկարագրած դեպքերի շրջանակներում մենք առավելությունները, ցավոք, չենք տեսել»:
«Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ձախողումից հետո շատ հարցեր են առաջանում, եւ այդ հարցերը լեգիտիմ են: Փաստ է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը», - նշել է Հայաստանի վարչապետը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: