Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է Եվրոպական միության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում պաշտոնական Երեւանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի տարածքի մաս»:
ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է.
«Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության կտրուկ սրման հետ կապված հակամարտող կողմերին հաստատակամորեն կոչ ենք անում անհապաղ կանգնեցնել արյունահեղությունը, դադարեցնել ռազմական գործողությունները եւ բացառել զոհերը քաղաքացիական բնակչության շրջանում։
Լեռնային Ղարաբաղի կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է Եվրոպական միության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում պաշտոնական Երեւանը կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի տարածքի մաս։ Դա փոխեց հիմնարար պայմանները, որոնցով ստորագրվել էր Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաեւ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարգավիճակը։
Տարածաշրջանում տեղակայվելուց ի վեր խաղաղապահները բարեխղճորեն կատարել են հրադադարի պահպանման եւ ադրբեջանական եւ հայկական կողմերի միջեւ կապի ապահովման խնդիրները։ Մեր խաղաղապահները համակարգել են տեղում հումանիտար իրավիճակը շտկելու ջանքերը, ինչպես նաեւ նպաստել են Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ ուղիղ երկխոսության մեկնարկին։ Այս ժամերին խաղաղապահները օգնություն են ցուցաբերում խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ բժշկական օգնություն եւ զբաղվում են տարհանմամբ։
Հիմա գլխավորը շտապ վերադառնալն է 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների փաթեթի իրականացմանը, որտեղ շարադրված են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բոլոր քայլերը, դադարեցնել զինված առճակատումը եւ անել ամեն հնարավորը Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման համար»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: