Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ պետք չէ մեղադրել ռուսական կողմին նրանում, որ «մենք իբր Ղարաբաղը «տվել ենք» դեռ 2020 թվականի նոյեմբերի 10-ին»։
Սեպտեմբերի 10-ին Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում պատասխանելով հայ-ամերիկյան վարժանքների մասին հարցին՝ Լավրովը, մասնավորապես, ասել է.
«Կրեմլն արդեն մեկնաբանել է այս իրավիճակը։ Իհարկե, մենք ոչ մի լավ բան չենք տեսնում նրանում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս։ Չեմ կարծում, որ դա լավ է որեւէ մեկի, այդ թվում՝ Հայաստանի համար։
Հայաստանի ղեկավարության գործողություններն ափսոսանք են առաջացնում։ Հայ-ամերիկյան զորավարժություններն առավել տարօրինակ են թվում, քանի որ Հայաստանն արդեն երկու տարի է, ինչ հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին։ Նրանք դա բացատրում են նրանով, որ եթե ՀԱՊԿ-ը՝ որպես Հայաստանի մասնակցությամբ միութենական միավոր, դատապարտեր Ադրբեջանին, ապա Հայաստանն այնտեղ կսկսեր «աշխատել»։ Երբ հարցնում ենք՝ ինչո՞ւ են այդ դեպքում շփվում ամերիկացիների եւ եվրոպացիների հետ, ովքեր չեն դատապարտում Ադրբեջանին, մեզ պատասխանում են, որ նրանք իրենց դաշնակիցները չեն, հետեւաբար, պետք է մենք դատապարտենք։ Բավական տարօրինակ, պարզունակ տրամաբանություն է։ Բայց հուսով եմ, որ բոլոր դաշնակցային պարտավորությունները, որոնք կան մեր միջեւ եւ մենք դրանք գնահատում ենք, ազդեցություն կունենան եւ կգերակշռեն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։
Այն մասին, որ «սպառնում են» դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Հայաստանում շատ են քաղաքական գործիչները, որոնք թույլ են տալիս բավական մեծամիտ հայտարարություններ Ռուսաստանի հասցեին։ Մենք դա տեսնում ենք։ Դա երեկ չի սկսվել։ Բայց մենք նաեւ հիշում ենք, որ երբ պարոն Նիկոլ Փաշինյանը դեռ «իշխանությունից դուրս» քաղաքական գործիչ էր եւ «բարձրացնում էր» հայ ժողովրդին, ապա իր կարգախոսներից էին ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Շատերը դա պայմանավորում էին նախընտրական քարոզարշավով եւ ձայների համար պայքարով։ Այնուհետեւ պարոն Փաշինյանը նման մտքեր չէր արտահայտում, այդ թվում՝ 2022 թվականին Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ, որտեղ նախարարների մակարդակով մենք համաձայնացրեցինք ՀԱՊԿ առաքելության մանդատը Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանին։ Ամեն ինչ հավանության էր արժանացել։ Սակայն առավոտյան մեր հայ գործընկերները որոշեցին «հետաձգել» այս թեման։
Մեզ որեւէ բանում մեղադրելուց առաջ պետք է գնահատել սեփական գործողությունները: Այնտեղ ինչ-որ գործիչ, կարծում եմ՝ խորհրդարանի ղեկավարը, իրեն թույլ էր տվել արտահայտվել այն մասին, որ Ռուսաստանն է Ղարաբաղը «տվել» Ադրբեջանին։ Ավելի ոչ ճիշտ ու անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել։ Նա անդրադարձել էր այն փաստին, որ Ղարաբաղը Ռուսաստանի կողմից «տրվել» է Ադրբեջանին, երբ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին առաջին եռակողմ համաձայնագիրը։ Դա բացարձակապես ճիշտ չէ: Այնտեղ ընդհանրապես ոչինչ չի ասվում Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Այն պահի դրությամբ, երեք առաջնորդներն էլ ելնում էին նրանից, որ այս հարցի շուրջ դեռ պետք է բանակցություններ վարվեն։ Սակայն հետո Պրահայում, որտեղ հրավիրված էին եւ՛ Ադրբեջանի նախագահը, եւ՛ Հայաստանի վարչապետը, նրանք երկուսն էլ ստորագրեցին հայտարարություն, որում ասվում էր, որ ճանաչում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը։ Հարցը փակված է։ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը փաստաթուղթ են ստորագրել, ըստ որի՝ այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի մաս է։ Պետք չէ մեզ մեղադրել, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ղարաբաղը «տալու» մեջ։ Դրա համար պետք է ինքնուրույն պատասխան տալ սեփական ժողովրդին»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: