Երեւան։ Մեդիամաքս։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «Մոսկվան պարզաբանում է հայցել Երեւանից՝ Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ»:
«Մենք այս հարցում արդեն պարզաբանում ենք հայցել հայկական կողմից եւ կորոշենք մեր հետագա քայլերը՝ ելնելով Երեւանի պատասխանի բովանդակությունից»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Մարիա Զախարովան:
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) ուղարկել է Ազգային ժողով վավերացման:
2023թ. հուլիսին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի փոխնախագահ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը մեկնաբանել էր Հայաստանի Սահմանադրական դատարանի 2023 թվականի մարտի 24-ի որոշումն այն մասին, որ Հռոմի ստատուտը չի հակասում երկրի սահմանադրությանը։
«Ինչպես հասկանում ենք, դա նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Հաագայի տրիբունալի իրավասությունը բոլոր այն գործերի առնչությամբ, որոնք այն քննում է։ Ելնում ենք նրանից, որ մեր հայ գործընկերների այս քայլը հակառուսական ենթատեքստ չունի, սակայն, այնուամենայնիվ, գործնականում շոշափելի վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին։ Կոչ ենք անում մեր դաշնակիցներին եւս մեկ անգամ ուշադիր ուսումնասիրել Հռոմի ստատուտին միանալու հետեւանքները եւ գնահատել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար հնարավոր ռիսկերը»,- ասել է Վորոբյովը։ Նա նշել էր, որ ներկայում այս հարցով երկխոսություն է ընթանում Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ։
Ի պատասխան Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ասել էր, որ «Հռոմի ստատուտի ընդունման հարցը ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն»:
Հակոբ Արշակյանը նշել էր, որ Հռոմի ստատուտի ընդունման հարցն ակտիվ քննարկման փուլում է ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ փորձագիտական շրջանակներում:
Նա համոզմունք էր հայտնել, որ «հարցին անպայման կգտնվի իրավական լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի համար»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: