Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի փոխնախագահ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի կարծիքով, «Հայաստանի Ազգային ժողովը պետք է ուսումնասիրի Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու հետեւանքները»։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Իրկուտսկում ելույթ ունենալով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում ՝ Յուրի Վորոբյովը մեկնաբանել է Հայաստանի Սահմանադրական դատարանի 2023 թվականի մարտի 24-ի որոշումն այն մասին, որ Հռոմի ստատուտը չի հակասում երկրի սահմանադրությանը։
«Ինչպես հասկանում ենք, դա նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Հաագայի տրիբունալի իրավասությունը բոլոր այն գործերի առնչությամբ, որոնք այն քննում է։ Ելնում ենք նրանից, որ մեր հայ գործընկերների այս քայլը հակառուսական ենթատեքստ չունի, սակայն, այնուամենայնիվ, գործնականում շոշափելի վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին։ Կոչ ենք անում մեր դաշնակիցներին եւս մեկ անգամ ուշադիր ուսումնասիրել Հռոմի ստատուտին միանալու հետեւանքները եւ գնահատել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար հնարավոր ռիսկերը»,- ասել է Վորոբյովը։ Նա նշել է, որ ներկայում այս հարցով երկխոսություն է ընթանում Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: