Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Դերեք Հոգանն ասել է, որ խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «հետ կմղի Ռուսաստանի ազդեցությունը»:
«Մենք ակտիվորեն աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին, որոնք ուղղված են խաղաղության ձեռքբերմանը: Համաձայնագիրը կամրապնդի ժողովրդավարությունը եւ տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը եւ հետ կմղի Ռուսաստանի ազդեցությանը։ Ռուսաստանը օգտագործել է հակամարտությունը՝ տարածաշրջանում իր լծակները պահպանելու համար՝ էական մարդկային կորուստների գնով», - ասել է Հոգանը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի կազմակերպած լսումների ժամանակ:
Հարց ու պատասխանի ընթացքում դիվանագետն ասել, որ մայիսի սկզբին Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմի մասնակցությամբ քննարկվել են առավել խնդրահարույց հարցերը, մասնավորապես, «սահմանի շրջանում զորքերի հետ քաշումը, վեճերի կարգավորման մեխանիզմները խաղաղ համաձայնագրում, Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները»:
«Մենք մի շարք առաջարկներ են արել, որոնք, թերեւս, կողմերին կարող են ապահովել որոշակի ձեւակերպումներ, որոնք թույլ կտան հաղթահարել տարաձայնությունները», - ավելացրել է Հոգանը:
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարն ասել է, որ նախորդ շաբաթ
խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, «որպեսզի հասկանանք, թե որ ուղղություններով կարող ենք առաջ շարժվել»:
Խոսելով հունիսի 1-ին Քիշնեում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ԵՄ Խորհրդի ղեկավարների նախատեսված հանդիպման մասին, Դերեք Հոգանն ասել է, որ դրա ընթացքում ուշադրությունը կենտրոնանալու է նրա վրա, թե «ինչ է պետք անել՝ գործն ավարտին հասցնելու համար»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: