«Սուլթան Էրդողանը ոչ մի տեղ չի հեռանում» - Mediamax.am

3145 դիտում

«Սուլթան Էրդողանը ոչ մի տեղ չի հեռանում»


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ամերիկացի քաղաքագետ, Eurasia Group կազմակերպության հիմնադիր Իեն Բրեմերը գտնում է, որ մայիսի 28-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքը կանխորոշված է՝ հաղթելու է Էրդողանը: Ներկայացնում ենք հատվածներ Բրեմերի հոդվածից:

 

Չնայած նրա գերակայության թուլացմանը, Էրդողանը շարունակում է մնալ ամենապոպուլյար առաջնորդը Թուրքիայում: Նրա ժամանակ եղել են տնտեսական անկումներ, փախստականների ճգնաժամեր, կոռուպցիոն սկանդալներ, բողոքի ցույցեր եւ նույնիսկ հեղաշրջման փորձ: Նա հմուտ պոպուլիստ է, ով ունի կառավարման լծակներից օգտվելու, ազգայնական տրամադրություններ սրելու, ինքնության քաղաքականությունը եւ անվտանգության խնդիրները իր օգտին օգտագործելու մեծ փորձ:

 

Իր իշխանության նկատմամբ վերահսկողության անկախ մեխանիզմների մեծ մասը (ներառյալ զինվորականներին, դատական համակարգը եւ լրատվամիջոցները) վերացնելուց եւ նախագահական լիազորությունները ընդլայնելուց հետո, Էրդողանը գերիշխում է եթերում եւ օգտագործում է պետական լծակները ընտրողներին սիրաշահելու եւ մրցակիցներին թուլացնելու համար։ Այո, Թուրքիայում ընտրություններն ազատ էին, բայց միանշանակ՝ ոչ արդար։

Լուսանկարը` REUTERS

Էրդողանին նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակ տոնելու համար ընդամենը 275 000 ձայն պակասեց, իսկ Քըլըչդարօղլուին՝ 2,8 միլիոն ձայն: Նախագահը 2,5 միլիոնանոց այս առավելությունը կօգտագործի երկրորդ փուլում, որտեղ Քըլըչդարօղլուն Էրդողանին հեռացնելու համար պետք է ոչ միայն ավելացնի կամ գոնե պահպանի առաջին փուլում ստացած ձայների քանակը, այլեւ իր կողմ քաշի գրեթե բոլոր ընտրողներին, ովքեր աջակցել էին ծայրահեղ աջ ազգայնական Սինան Օգանին (5,2%) եւ պոպուլիստ Մուհարեմ Ինջեին (0,4%): Սակայն դա տեղի չի ունենա։

 

Մյուս կողմից, Օգանն իր 2,8 միլիոն ձայները, կարելի է ասել, ստացել է հավասարապես եւ Էրդողանից, եւ Քըլըչդարօղլուից: Նրան ընտրած ազգայնականները, ովքեր սովորաբար քվեարկում են Էրդողանի դաշնակից Ազգայնական շարժում կուսակցության (MHP) կամ իշխող AKP-ի օգտին, մեծ մոտիվացիա կունենան իրենց ձայնը տալ գործող նախագահին՝ թույլ չտալու Քըլըչդարօղլուին դառնալ նախագահ: Սակայն ընդդիմադիր ազգայնական IYI կուսակցության կողմնակիցները քիչ հավանական է գնան քվեարկության՝ աջակցելու Քըլըչդարօղլուին։

 

Օգանն ասել է, որ կաջակցի ընդդիմության առաջնորդին միայն այն դեպքում, եթե վերջինս հեռու մնա իր քուրդ կողմնակիցներից՝ այս հայտարարությամբ խաղակցելով Էրդողանի անհիմն մեղադրանքներին այն մասին, թե Քըլըչդարօղլուին «աջակցում են ահաբեկիչները»: Սակայն Քըլըչդարօղլուն չի կարող վտանգել քրդերից ստացած ձայները, որոնք կազմում են Թուրքիայի ընտրողների մոտ 10%-ը:

Լուսանկարը` REUTERS

Միայն այս թվերը Էրդողանին տալիս են գրեթե անգերազանցելի առավելություն։ Եվ սա դեռ մինչեւ քարոզարշավի մեկնարկը, որի ժամանակ նախագահը կօգտագործի իր լիազորություններն ու ահաբեկելու մարտավարությունը՝ իր բազան ակտիվացնելու, ընդդիմության մասնակցությունը նվազեցնելու եւ նժարն իր օգտին ավելի թեքելու համար:

 

Հաղթանակած Էրդողանը համարձակորեն կկրկնապատկի իր գործողությունները, որոնցով նա արդեն իսկ ոչնչացրել է ժողովրդավարությունը Թուրքիայում, անհույս վիճակի հասցրել տնտեսությունը եւ հեռացրել երկիրը ավանդական արեւմտյան դաշնակիցներից։

 

Նախագահի՝ ոչ ստանդարտ տնտեսական քաղաքականություն վարելու մոլուցքը վաղ թե ուշ երկիրը բերելու է լայնածավալ տնտեսական ճգնաժամի, որից դժվար կլինի վերականգնվել:

 

Էրդողանն իրեն դարձնում է ցմահ սուլթան՝ Թուրքիան ավելի մոտեցնելով ավտոկրատիային ու ավելի հեռացնելով ներկայացուցչական ժողովրդավարությունից:

Լուսանկարը` REUTERS

Արտերկրում Էրդողանը կշարունակի իր նուրբ հավասարակշռող քաղաքականությունը՝ ձգտելով ընդլայնել Թուրքիայի գլոբալ ազդեցությունը, խորացնելով կապերը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ՝ առաջացնելով ԱՄՆ-ի եւ Եվրոպայի դժգոհությունը:

 

Էրդողանի երրորդ ժամկետը նշանակելու է ավելի անկայուն, ավտորիտար եւ անկանխատեսելի Թուրքիա։ Եթե մայիսի 28-ին հրաշք տեղի չունենա, Թուրքիայի ապագան բավականին մռայլ է երեւում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին