Ռուսաստանը մնում է Սիրիայում, ավելի կախված դառնալով Իրանից եւ Թուրքիայից - Mediamax.am

3021 դիտում

Ռուսաստանը մնում է Սիրիայում, ավելի կախված դառնալով Իրանից եւ Թուրքիայից


ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը
ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը

Լուսանկարը` AP

ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը
ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին
ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին

Ներկայացնում ենք Նիկիտա Սմագինի հոդվածը՝ հրապարակված Կարնեգի հիմնադրամի կայքում:

 

Ռուսաստանը չի պատրաստվում լքել Սիրիան, որը համարում է անցած տարիների կարեւոր ձեռքբերում եւ լրացուցիչ հաղթաթուղթ տարբեր գործընկերների հետ հնարավոր երկխոսության կամ սակարկության համար՝ սկսած Մերձավոր Արեւելքի տարածաշրջանային տերություններից մինչեւ Արեւմուտք։ Սակայն Մոսկվան գնալով ավելի քիչ է պատրաստ միջամտել արաբական հանրապետության ներքին գործընթացներին՝ թե՛ ռազմական ուժերով, թե՛ ֆինանսապես։

 

Ուկրաինա ներխուժումն ամբողջությամբ ստվերեց ռուսական մեկ այլ ռազմական գործողություն՝ Սիրիայում։ Ուկրաինական ճակատը ոչ միայն կլանեց ռուսական լրատվամիջոցների ողջ եթերաժամանակը, այլեւ ռեսուրսներ է քաշում դեպի իրեն՝ Մոսկվային ստիպելով Մերձավոր Արեւելքից զորքեր տեղափոխել այնտեղ։

 

Եվ իսկապես, վերջին ամիսների իրադարձությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանի ուժերը Սիրիայում շատ ավելի քիչ են. նա ավելի քիչ թվով զինուժ է պահում այնտեղ, զիջում է տարածքների վերահսկողությունը եւ կրճատում մարդասիրական օգնության ծավալները: Սակայն այս ամենն ամենեւին չի նշանակում, որ Ռուսաստանը հեռանում է Սիրիայից։ Մոսկվան իր ներկայությունը Սիրիայում շարունակում է գնահատել որպես արժեքավոր ակտիվ, իսկ Դամասկոսի հետ դաշինքը՝ որպես Արեւմուտքի եւ տարածաշրջանային տերությունների հետ իր երկխոսության կարեւոր հաղթաթուղթ, որից նա այդքան հեշտ չի հրաժարվի:

 

Վերախմբավորում

 

Պատերազմն Ուկրաինայում արագորեն սպառում է Ռուսաստանի ռեսուրսները՝ ստիպելով նրան լրացուցիչ պահուստներ փնտրել։ Սիրիան իրական մարտական փորձ ունեցող ռազմական անձնակազմի ամենատրամաբանական աղբյուրներից մեկն է։ Բացի այդ, հենց նա էր հանդիսանում հատուկ գործողության օրինակելի մոդել, որը հետո փորձեցին տեղափոխել Ուկրաինա:

 

Դեռեւս 2022 թվականի մայիսին Մերձավոր Արեւելքից զորքերի փոխադրումը Սերգեյ Լավրովը բացատրում էր նրանով, որ ռուս զինվորականների համար այնտեղ կոնկրետ առաջադրանքներ գրեթե չեն մնացել։ Սիրիական հակամարտության թեժ փուլն իսկապես անցյալում է, ինչը թույլ է տվել նվազեցնել ռուսական ներկայության մակարդակը։ Ուկրաինական պատերազմի սկսվելուց անմիջապես հետո Սու-25 գրոհային ինքնաթիռները Սիրիայից տեղափոխվեցին Ռուսաստան։ Իսկ օգոստոսին տեղեկություն հայտնվեց սիրիական Տարտուս նավահանգստից դեպի Ղրիմ Ս-300 համալիրի փոխադրման մասին։

Լուսանկարը` REUTERS

Ամենայն հավանականությամբ, ռուս զինվորականները թողել են Լաթաքիայի մի շարք տարածքներ, որոնք անմիջապես գրավել են իրանամետ «Հըզբոլահի» զինյալները։ Միաժամանակ ակտիվացել է ռոտացիան՝ փորձառու մարտիկները աստիճանաբար տեղափոխում են Ուկրաինա՝ Սիրիայում նրանց փոխարինելով նորակոչիկներով։

 

Այնուամենայնիվ, Սիրիայում ռուսական ռազմական ներկայության կտրուկ կրճատման մասին հաղորդագրություններին պետք է որոշակի թերահավատությամբ վերաբերվել. առանձին ստորաբաժանումների փոխադրումը ուկրաինական ճակատ քիչ է ազդել Սիրիայում Մոսկվայի մարտավարական հնարավորությունների վրա: Ռազմական գործողություններին ռուսների մասնակցությունն իսկապես նվազել է, սակայն դա ավելի շուտ ռազմական գործողությունների ինտենսիվության ընդհանուր նվազման հետեւանք է։ Ավիահարվածները Սիրիայի տարածքում շարունակվում են, իսկ Բաշար ալ-Ասադի բանակի հետ օդային վարժանքներն անցկացվում են նախկինի պես։

 

Պետք չէ գերագնահատել Սիրիայից փոխադրված զորքերի օգտագործման ներուժը ուկրաինական ճակատում։ Իրականում Սիրիայում տեղակայված ռուսական զորախումբը մեծ չէր։ Ռուսաստանը երբեք չէր փորձել տեղական բանակը փոխարինել իրենով. խոսքը գնում էր հենց սիրիական զինված ուժերը պակասող տարրերով համալրելու եւ մատակարարումների հարցում օգնելու մասին։ Սիրիայում ծառայած մոտ հինգ հազար մարդն աննշան թիվ է Ուկրաինայի պատերազմի համար։ Բացի այդ, սիրիական փորձը միայն մասամբ է հարաբերվում ուկրաինական հակամարտությունում ռուսական զորքերի առաջադրանքների հետ։

 

Խնդրահարույց կետ

 

Ռուսաստանի ղեկավարության համար իրադարձությունների կատարյալ զարգացումը կլիներ Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցումը։ Պատահական չէ, որ 2023 թվականի սկզբին հայտնի դարձավ Սիրիայի եւ Թուրքիայի՝ մի երկրի, որից մեծապես կախված են սիրիական ճգնաժամի կարգավորման հեռանկարները, ԱԳՆ ղեկավարների միջեւ երկխոսություն կազմակերպելու Մոսկվայի փորձերի մասին։ Առաջադրանքը իրագործելի է թվում։ Թուրքական կողմն արդեն վաղուց իր առջեւ Ասադին տապալելու նպատակ չի դնում, եւ երկխոսությունը կարող է երկու կողմերին էլ ձեռնտու լինել:

 

Սակայն երկու պետությունների միջեւ դեռեւս մնում են բազմաթիվ հակասություններ, որոնք հնարավոր չէ լուծել մեկ օրում։ Սիրիայում դեռեւս կան թուրքամետ ընդդիմադիր զինյալներ, իսկ թուրքական զորքերը վերահսկում են սիրիական մի շարք շրջաններ։ Կարեւոր գործոն է 2023 թվականի մայիսին կայանալիք Թուրքիայի նախագահական ընտրությունները։ Նախկինում Էրդողանը բազմիցս օգտագործել է սիրիացի քրդերի կողմից սպառնալիքը եւ Սիրիայում ռազմական գործողությունները՝ իր վարկանիշը բարձրացնելու համար։ Փորձված մեթոդները նա կարող է նորից կիրառել։

ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը

Լուսանկարը` REUTERS

Սիրիայում վերջնական կարգավորմանը խոչընդոտում է նաեւ Իրանի եւ Իսրայելի առճակատումը։ Այս ամբողջ ընթացքում Ռուսաստանը մի կողմից փորձում էր հարթել նրանց հակասությունները, իսկ մյուս կողմից Իսրայելին թույլ էր տալիս ոչնչացնել իրանական եւ իրանամետ օբյեկտները Սիրիայում։ Ուկրաինական պատերազմի պատճառով Մոսկվայի եւ Թեհրանի մերձեցումը մեծապես խոչընդոտում է այդ հավասարակշռության պահպանմանը։

 

Լավատեսության ավելացմանը չի նպաստում ուկրաինական պատերազմի մեկ այլ հետեւանք՝ Ռուսաստանի կողմից Սիրիա ֆինանսական ներարկումների գրեթե ամբողջական դադարեցումը։ Մոսկվայի կողմից օգնության կրճատումը կարող է սրել իրավիճակը երկրում։ Հատկապես այն դեպքում, երբ մեկ այլ դոնոր՝ Իրանը, պատրաստ չէ օգնել նույն ծավալներով։ Իսլամական Հանրապետությունը դժվար ժամանակներ է ապրում՝ լեգիտիմության ճգնաժամ, լայնածավալ բողոքի ցույցեր, տնտեսական անկում։ Այս ֆոնին տեղեկություններ ստացվեցին, որ Իրանն այլեւս Դամասկոսին էժան նավթ չի տրամադրելու։

 

Սիրիան շարունակում է մնալ միջազգային պատժամիջոցների տակ։ Առանց իր հիմնական հովանավորների օգնության՝ երկրում իրավիճակն անխուսափելիորեն կվատթարանա։ Կարող են սրվել սոցիալական խնդիրները։ Այս հարցը Ռուսաստանի համար կենսական անվանել չի կարելի, սակայն դաշնակից պետության ներքին անկայունությունն ակնհայտորեն լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս։

 

Ի վերջո, Սիրիայում վերջնական կարգավորումն անհնար է առանց ԱՄՆ-ի մասնակցության, որի զինված ուժերը դեռ տեղակայված են երկրի տարածքում։ Նրանք քրդական կազմավորումների ֆորմալ դաշնակիցներն են, որոնց Անկարան ցանկանում է վերջ դնել, եւ որոնք խոչընդոտում են տարածքային ամբողջականությունը վերականգնելու Դամասկոսի փորձերին: Իսկ Վաշինգտոնն այժմ հաստատ շահագրգռված չէ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի հարաբերությունների ամրապնդմամբ։

 

Լրացուցիչ հաղթաթուղթ

 

Սիրիան ոչ միայն Ռուսաստանին շեղող գործոն է, այլեւ արժեքավոր ակտիվ, հավանական սակարկության առարկա Թուրքիայի, Իրանի եւ Իսրայելի հետ: Ավելին, ապագայում հնարավոր է նաեւ երկխոսություն Միացյալ Նահանգների հետ, ինչը հատկապես կարեւոր է, քանի որ շատ այլ թեմաների շուրջ ռուս-ամերիկյան խոսակցության հիմք այլեւս չկա։

 

Անցյալ տարի Ռուսաստանի համար նկատելիորեն մեծացել է սիրիական երկխոսության հիմնական գործընկերների՝ Իրանի եւ Թուրքիայի նշանակությունը։ Անկարան Մոսկվայի համար կարեւոր տնտեսական գործընկերոջից վերածվել է անփոխարինելիի, որի դերը չի սահմանափակվում միայն առեւտրով։ Թուրքիան դարձել է հիմնական միջնորդը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ։

ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին

 

Փոխվել է նաեւ Իրանի դիրքորոշումը։ Սիրիական գործողության նախորդ տարիներին նա հեշտ գործընկեր չէր Մոսկվայի համար, որի ներկայությունը Սիրիայում պետք էր հաշվի առնել, սակայն տնտեսական առումով Իրանի նշանակությունը Ռուսաստանի համար նվազագույն էր։ Ի տարբերություն Թեհրանի, Մոսկվան միջազգային ասպարեզում ազդեցությամբ, կապերով եւ հեղինակությամբ ակնհայտ քաղաքական ծանրաքաշի տեսք ուներ։

 

Սակայն Ուկրաինայում պատերազմի մեկնարկից եւ Մոսկվայի դեմ արեւմտյան պատժամիջոցների սահմանումից հետո իրանական ուղղությունը Ռուսաստանի համար դարձել է սահմանափակումները շրջանցելու կարեւոր միջոց։ Բացի այդ, Թեհրանը դարձել է ուկրաինական հակամարտության փաստացի մասնակից՝ Ռուսաստանին մատակարարելով մարտական անօդաչու սարքեր։ Այլ կերպ ասած, Մոսկվայի համար Իրանի նշանակությունը բազմակի աճել է, եւ Թեհրանի վրա ճնշում գործադրելը շատ ավելի դժվար է դարձել։

 

Աճում է նաեւ Մերձավոր Արեւելքի հավաքական նշանակությունը Ռուսաստանի համար։ Այժմ ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ արաբական այլ երկրներ հնարավոր դաշնակիցներ են պատժամիջոցները շրջանցելու համար։ Մերձավոր Արեւելքի երկրներն այնքան էլ բծախնդիր չեն մարդու իրավունքների հարցերում, իսկ Ուկրաինայի հարցում Արեւմուտքի վճռականությունը նրանց համար էական գործոն չէ։ Այս երկրները ավելի շուտ կիսում են Մոսկվայի դավանած արմատական ռեալիզմի մոդելը. բիզնեսը մնում է բիզնես նույնիսկ ռազմական գործողությունների պայմաններում: Ուկրաինայի պատմության մեջ նրանք ավելի շատ հնարավորություն են տեսնում իրենց համար որոշակի օգուտներ ստանալու՝ լինեն դրանք Ռուսաստանից, թե Արեւմուտքից:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին