ԱՄՆ-ը Կովկասում նոր ավագ խորհրդական է նշանակել - Mediamax.am

4073 դիտում

ԱՄՆ-ը Կովկասում նոր ավագ խորհրդական է նշանակել


Լուսանկարը` getusinfo.com


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Լու Բոնոյին Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական նշանակելու մասին։

«Այդ պաշտոնում նա կաշխատի տարածաշրջանի առաջնորդների հետ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացն առաջ մղելու եւ Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքի օկուպացման հարցը կարգավորելու համար: Լու Բոնոն հարուստ բազմակողմ եւ երկկողմ փորձ ունի՝ նա եղել է ներկայացուցիչ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում եւ ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում, զբաղեցրել է Վատիկանում ԱՄՆ-ում գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը: Նա նաեւ աշխատել է որպես Ազգային անվտանգության խորհրդի Բասրայի (Իրաք-Մեդիամաքս) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, պետքարտուղարի տեղակալի խորհրդական», - ասել է Էնթոնի Բլինկենը:

 

Լու Բոնոն նաեւ զինվորական անցյալ ունի եւ որպես հրահանգիչ ծառայել է Ուեսթ Փոյնթի ակադեմիայում եւ ԱՄՆ Բանակի քոլեջում:

 

«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին հասնել համապարփակ խաղաղ համաձայնագրի ստորագրման հարցում, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորումը: Լու Բոնոն երկկողմ գործակցություն կունենա համախոհ գործընկերների, ներառյալ՝ Եվրամիության, եւ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, խթանելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսությունը», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին