Հայաստան ԵՄ նոր առաքելություն գործուղելու որոշումը կկայացվի հունվարի 23-ին - Mediamax.am

2682 դիտում

Հայաստան ԵՄ նոր առաքելություն գործուղելու որոշումը կկայացվի հունվարի 23-ին


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան։ Մեդիամաքս։ Եվրոպական Միության երկրների արտգործնախարարները հունվարի 23-ին որոշում կկայացնեն Հայաստան նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին, որի դիտորդները կտեղակայվեն Ադրբեջանի հետ սահմանին։

«Նախարարները կորոշեն Հայաստանի համար առաքելություն ստեղծել՝ նպաստելու տարածաշրջանում կայունությանը», - ՏԱՍՍ-ը մեջբերում է ԵՄ ներկայացուցչի խոսքերը։

 

Դիվանագետի խոսքով՝ ԵՄ-ն մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ ջանքեր է գործադրում իրավիճակը կարգավորելու համար։

 

Հունվարի 18-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր.

 

«Մենք հիմա էլ պատրաստակամ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի սահման: Թեեւ մենք դաշնակիցներ ենք, սակայն հայկական կողմը նախընտրում է Եվրամիության հետ պայմանավորվել, որպեսզի ԵՄ քաղաքացիական առաքելությունը երկարաժամկետ տեղակայվի: Պետք չէ մոռանալ, որ խոսքը վերաբերում է Ադրբեջանի հետ սահմանին, եւ ԵՄ առաքելությունը կարող է հակարդյունավետ լինել՝ առանց Բաքվի համաձայնության»:

 

Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «խաբեություն» էր անվանել առանց Բաքվի համաձայնության Եվրամիության նոր քաղաքացիական առաքելության գործուղումը Հայաստան եւ նշել, որ այն չի նպաստելու տարածաշրջանի անվտանգությունը եւ բացասական ազդեցություն կունենա ԵՄ հովանու ներքո հայ-ադրբեջանական բանակցությունների վրա։

 

Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանելով Ալիեւի այս խոսքերը, Գերմանիայի արտաքին գործերի խորհրդի (DGAP) Միջազգային կարգի ու ժողովրդավարության ծրագրի ղեկավար Ստեֆան Մայսթերն ասել էր.

 

 «Իմ կարծիքով, Ալիեւը Պրահայում ճնշման տակ էր համաձայնել դիտորդական առաքելությանը եւ ցանկանում էր վերջ դնել դրան։ Ալիեւը շահագրգռված չէ երկարաժամկետ առաքելության տեղակայման մեջ, քանի որ դա նվազեցնում է Հայաստանի վրա ռազմական ճնշում գործադրելու հնարավորությունները»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին