ԵՄ պաշտոնյան կարծում է, որ Մոսկվան փորձելու է խանգարել դիտորդների աշխատանքին - Mediamax.am

3695 դիտում

ԵՄ պաշտոնյան կարծում է, որ Մոսկվան փորձելու է խանգարել դիտորդների աշխատանքին


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Եվրամիության Արտաքին գործողությունների ծառայության աղբյուրը POLITICO պարբերականին հաստատել է, որ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմաններին ԵՄ նոր երկարաժամկետ դիտորդական առաքելություն տեղակայելու նախապատրաստական ծրագրերը վերջնական տեսքի են բերվում:

Աղբյուրի խոսքով՝ «որոշ քայլեր դեռ պետք է հստակեցվեն, ինչից հետո որոշման նախագիծը կուղարկվի Քաղաքական եւ անվտանգության կոմիտե՝ երկու տարվա մանդատ ստանալու ակնկալիքով»:

 

Նախատեսվում է, որ Հայաստանում կտեղակայվի մինչեւ 100 դիտորդ:

 

Միաժամանակ, եվրոպացի պաշտոնյան ընդգծել է, որ Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները պետք է հաշվի առնվեն՝ ի նկատի ունենալով վերջինիս ներկայությունը տարածաշրջանում։

 

«Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Հայաստանում ամենուր է։ Մենք մի քանի դեպք ենք ունեցել, երբ ռուս սահմանապահները մեր դիտորդներին հետ են ուղարկել, անգամ այն դեպքում, որ նրանց ուղեկցում էին ՀՀ ՊՆ պաշտոնյաները», - հայտնել է POLITICO-ի աղբյուրը:

 

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 18-ին ասել էր.

 

«Մենք հիմա էլ պատրաստակամ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի սահման: Թեեւ մենք դաշնակիցներ ենք, սակայն հայկական կողմը նախընտրում է Եվրամիության հետ պայմանավորվել, որպեսզի ԵՄ քաղաքացիական առաքելությունը երկարաժամկետ տեղակայվի: Պետք չէ մոռանալ, որ խոսքը վերաբերում է Ադրբեջանի հետ սահմանին, եւ ԵՄ առաքելությունը կարող է հակարդյունավետ լինել՝ առանց Բաքվի համաձայնության»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին