Ալիեւը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին - Mediamax.am

2007 դիտում

Ալիեւը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «Բաքուն սաստելու է Հայաստանից եկող սպառնալիքները»։

«Եթե տեսնենք, որ մեզ համար որեւէ վտանգ կա, անմիջապես կճնշենք այն, անկախ նրանից, թե որտեղ կհայտնվի այդ սպառնալիքը՝ մեր տարածքում, թե մեր սահմաններից դուրս։ Դա մեր օրինական իրավունքն է»,- ասել է Ալիեւը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

 

«Մենք տեսնում ենք, թե որ երկրներն են պատրաստվում զենք մատակարարել Հայաստանին։ Ցավոք, նրանց թվում է նաեւ Հնդկաստանը, եւ մենք դա համարում ենք ոչ բարեկամական քայլ, քանի որ այդ հարձակողական զինատեսակների թիրախը միայն Ադրբեջանն է։ Իհարկե, մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ, եւ չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը վտանգ ներկայացնի մեզ համար»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

 

Ալիեւը նաեւ հայտարարել է, որ «Հայաստանը փորձում է խուսափել Զանգեզուրի միջանցքի գործարկման հետ կապված իր պարտավորությունների կատարումից, սակայն այս նախագիծը կիրականացվի»։

 

Նրա խոսքով, Զանգեզուրի միջանցքի բացումը ֆիքսված է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։

 

«Այո, այնտեղ «Զանգեզուրի միջանցք» բառեր չկան, քանի որ այդ եզրույթը ես ավելի ուշ եմ ներմուծել աշխարհաքաղաքական լեքսիկոն։ Բայց այնտեղ հստակ գրված է, որ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ պետք է տրանսպորտային կապ հաստատվի, եւ Հայաստանը պետք է դա ապահովի։ Հայաստանը երկու տարուց ավելի է՝ չի կատարում իր պարտավորությունները, բայց դա մեզ չի կանգնեցնի։ Մեզ համար սա ռազմավարական նախագիծ է, եւ մենք վստահ ենք, որ դրա իրականացումը մեր բնական իրավունքն է»,- ասել է Ալիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին