Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես է եկել ծավալուն մեկնաբանությամբ՝ «Հայաստանի եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցող գործընթացների առնչությամբ»։
«Մեզ չեն կարող չանհանգստացնել այն տագնապալի միտումները, որոնք թափ են առնում Անդրկովկասում, որտեղ Արեւմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սցենարները։ Մենք տեսնում ենք, թե ինչ աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը: Մեր երկրների ու ժողովուրդների դարավոր կապերին վնաս հասցնելու համար քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Բազմաթիվ հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ եւ լրատվամիջոցներ, որոնք գործում են Վաշինգտոնի եւ Բրյուսելի պատվերով, կրկնակի ուժով ձգտում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել», - ասել է Զախարովան։
Միեւնույն ժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ «Մոսկվան եւ Երեւանը գժտեցնելու արտաքին ուժերի փորձերը հաջողություն չեն ունենա» եւ նշել է, որ «Ռուսաստանը վճռական է ամրապնդել Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը եւ բազմակողմ համագործակցությունը, ինչը թույլ կտա մեզ համատեղ հաղթահարել» առկա մարտահրավերները»:
«Արեւմուտքի աննրբանկատ մոտեցումը նկատելի է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առնչությամբ։ Հաշվի չի առնվում ո՛չ տարածաշրջանային առանձնահատկությունը, ո՛չ էլ խնդրի հատուկ զգայունությունը։ Վաշինգտոնի եւ Բրյուսելի իրական նպատակները ոչ թե փոխզիջումային եւ հավասարակշռված լուծումների մշակումն է, այլ ինքնագովազդը եւ Անդրկովկասից Ռուսաստանին դուրս մղելը։
Մեր եռակողմ զարգացումները յուրացվում ու աղավաղվում են։ Հաճախակի են դարձել Եվրամիության, ԵԱՀԿ-ի եւ Ֆրանսիայի քողի տակ արեւմտյան էմիսարների այցերը Հայաստան։ Առաջ են մղվում հապճեպ հորինված նախաձեռնություններ, որոնք հաշվի չեն առնում տարածաշրջանի ողջ բնակչության շահերը։ Դա հղի է հավասարակշռության խախտմամբ, որը ձեռք է բերվել դժվարին պայմաններում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա։
Զուգահեռաբար անհիմն մեղադրանքներ են շրջանառվում, թե իբր Մոսկվան չի կատարում Հայաստանի նկատմամբ իր անվտանգային պարտավորությունները։ Այս կապակցությամբ ցանկանում ենք հիշեցնել, որ հենց երկիրը դադարեցրեց պատերազմը 2020 թվականի նոյեմբերին, ուղարկեց խաղաղապահներ, որոնք խաղաղություն եւ կայունություն բերեցին տարածաշրջան եւ մինչ օրս վճռական ներդրում ունեն Բաքվի եւ Երեւանի միջեւ զինված միջադեպերի կարգավորման գործում։ Ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերմանը հասնելու արտաքին ուժերի փորձերը ուղղված են Հարավային Կովկասի ապակայունացմանը»,- ասել է Զախարովան։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: