Թոմաս դե Վաալ. ԵՄ-ն եւ Մոսկվան կողմերին տարբեր նախագծեր են առաջարկել - Mediamax.am

4278 դիտում

Թոմաս դե Վաալ. ԵՄ-ն եւ Մոսկվան կողմերին տարբեր նախագծեր են առաջարկել


Լուսանկարը` https://www.tuftsgloballeadership.org/


Երեւան: Մեդիամաքս: Կարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը կարծում է, որ «2020 թվականից հետո բռնության ամենադաժանն ու վտանգավոր բռնկումները ուղղված էին ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի դեմ»:

«Ռուսաստանը պարտավոր է աջակցել Հայաստանին ինչպես երկկողմ պայմանագրի, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) նրանց համատեղ անդամակցության շրջանակներում։ Բայց Ռուսաստանն ունի նաեւ Ուկրաինայի խնդիրը: Ադրբեջանը մտադիր է ապացուցել, որ Ռուսաստանը հապաղում է աջակցել իր դաշնակցին, իսկ ՀԱՊԿ-ն ընդամենը «թղթե վագր» է, ինչը ցուցադրում է նաեւ այդ կազմակերպության ձախողումը Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանային հարձակումների հարցում», - գրում է դե Վաալը «Հայաստանի եւ Ադրբեջանի վրա ավելի շատ ամպեր են կուտակվում» հոդվածում:

 

«Այս ամբողջ տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Անցյալ շաբաթ տեղի ունեցած բռնությունը չի նշանակում, որ բանակցությունները կեղծիք էին կամ ժամանակի վատնում` ինչպես պնդում էին որոշ վերլուծաբաններ: Նրանք իրականում բավականին առաջընթաց էին գրանցել։ Երկու կողմերն ամռան սկզբին համաձայնության եկան տրանսպորտային երթուղիների հարցում, մինչեւ որ ռուսները բարդություններ մտցրեցին, որոնք դադարեցրեցին ամեն ինչ: Ամառվա ընթացքում նրանք ինտենսիվ աշխատեցին միջպետական պայմանագրի տեքստերի վրա (Ադրբեջանի պահանջով)՝ Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության դրույթներով (Հայաստանի պահանջով)», - նշում է Թոմաս դե Վաալը:

 

Նա նկատում է, որ 1991 թվականից ի վեր հայ-ադրբեջանական հակամարտության բոլոր միջնորդներին հետապնդող խնդիրը մեկն է՝ ոչ ոք գին չի վճարում «ոչ» ասելու համար։ «Ղեկավարները կարծում են, որ կարող են հրապարակայնորեն հրաժարվել նրանից, ինչի շուրջ պայմանավորվել են առանձին հանդիպումների ժամանակ, ձգել ժամանակը կամ ուժ կիրառել», - պարզաբանում է վերլուծաբանը:

 

«Ռուսաստանը շարունակում է մնալ ազդեցիկ շահեր ունեցող միջնորդ, նույնիսկ եթե վստահություն չի վայելում որպես ազնիվ միջնորդ։ Հաղորդագրություններ կան այն մասին, որ Մոսկվան հանդես է եկել խաղաղության պայմանագրի նախագծով, որն անորոշ ժամանակով հետաձգում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ բանաձեւ, որը հայերին ավելի շատ է դուր գալիս, քան եվրոպական առաջարկը:

 

Շառլ Միշելի գործընթացը ներկայում միակ կենսունակն է եւ որպեսզի այն հաջողության հասնի, ավելի ուժեղ աջակցության կարիք ունի Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ անդամ երկրների եւ Միացյալ Նահանգների կողմից: «Եթե այն ձախողվի, ապա այլընտրանքը կլինի Մոսկվայի միջնորդությունը, կամ, ավելի վատ՝ երկու կողմերը նոր պատերազմի մեջ կներքաշվեն», - եզրափակում է Թոմաս դե Վաալը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին