ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Բաքու, Թբիլիսի եւ Երեւան - Mediamax.am

3861 դիտում

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Բաքու, Թբիլիսի եւ Երեւան


Լուսանկարը` Reuters


Երեւան։ Մեդիամաքս։ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը հունիսի 14-19-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան՝ «կարեւորելու ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարության եւ բարգավաճման ապահովմանը»:

ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասված է.

 

«Նշելով բոլոր երեք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը`Կարեն Դոնֆրիդը աջակցություն կհայտնի նրանց ինքնիշխանությանն ու անկախությանը` ընդգծելով սեփական ուղին ընտրելու Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի իրավունքը: Նա նաեւ նշելու է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ օգնելու Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատմանը։

 

Հունիսի 15-ին եւ 16-ին Կարեն Դոնֆրիդը Բաքվում կհանդիպի նախագահ Իլհամ Ալիեւի, այլ պաշտոնյաների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

 

Պետքարտուղարի օգնականը կընդգծի ԱՄՆ-ի աջակցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական ջանքերին՝ ուղղված կայուն խաղաղության հասնելուն, շնորհակալություն կհայտնի Ադրբեջանին Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար եւ կընդգծի գործընկերության կարեւորությունը եվրոպական էներգետիկ անվտանգության ապահովման համար եւ անդրազգային սպառնալիքների դեմ պայքարում:

 

Հունիսի 17-ին Թբիլիսիում Կարեն Դոնֆրիդը ելույթ կունենա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կազմակերպած Կանանց միջազգային համաժողովում։ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կհանդիպի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ այլ պաշտոնյաների, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նա կքննարկի Կրեմլի պատերազմն Ուկրաինայի դեմ եւ ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

 

Հունիսի 18-ին Կարեն Դոնֆրիդը Երեւանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ այլ պաշտոնյաների հետ։ Պետքարտուղարի օգնականը կհայտնի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական ջանքերին, որոնք ուղղված են կայուն խաղաղության հասնելուն։ Նա կընդգծի մեր ամուր գործընկերությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին