Փաշինյանն առաջարկել է վերլուծել ՀԱՊԿ ձեռքբերումներն ու բացթողումները - Mediamax.am

Փետրվար 24, 2026
3715 դիտում

Փաշինյանն առաջարկել է վերլուծել ՀԱՊԿ ձեռքբերումներն ու բացթողումները


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ՀԱՊԿ ստեղծման 30-ամյակը լավ հնարավորություն է վերլուծելու ձեռքբերումները, բացթողումները, այն քայլերը, որոնք կարող են կազմակերպությունն ավելի արդյունավետ դարձնել»:

«Կարծում եմ՝ սա շատ կարեւոր հարթակ է, որպեսզի կիսվենք ապագայի մեր տեսլականով եւ փորձենք ՀԱՊԿ մեխանիզմները դարձնել առավել արդյունավետ՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար: Որպես նախագահող պետություն՝ մենք այս խնդիրը համարում ենք մեր նախագահության առաջնահերթություններից մեկը եւ հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այդ հարցի շուրջ գալ կոնկրետ որոշումների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցների հետ հանդիպմանը:

 

Կառավարությունից հայտնում են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ մեխանիզմների զարգացման, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեւավորված սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեությանը, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ քաղաքացիական անձանց վերադարձի ուղղությամբ իրականացվող քայլերին:




Մեր ընտրանին