Ներկայացնում ենք ամերիկացի քաղաքագետ Իեն Բրեմերի հոդվածը:
Իեն Բրեմեր
Աշխարհը ավելի շատ է հոգում այս հակամարտության մասին ոչ թե այն պատճառով, որ զոհերը եվրոպացի են, այլ որովհետեւ խաղադրույքները շատ մեծ են ողջ մարդկության համար:
Ամերիկայում՝ մի երկրում, որը հազվադեպ է մտահոգվում արտասահմանում տեղի ունեցող իրադարձություններով, հարցվածների 84%-ն ասել է, որ ուշադիր հետեւում է Ուկրաինայի պատերազմի մասին լուրերին: Իհարկե, այն շատ ավելի մեծ ուշադրության է արժանանում, քան երբեւէ եղել է Սիրիայի, Աֆղանստանի, Եմենի կամ Պաղեստինի հակամարտությունների դեպքում:
Շատ մեկնաբաններ պնդում են, որ մեզանից շատերը մտածում են միայն սպիտակամորթ եվրոպացիների ծանր վիճակի մասին եւ անտարբեր են զարգացող աշխարհի աղքատ ճակատագրերի հանդեպ: Նրանք պնդում են, որ սա ռասիզմի հերթական դրսեւորում է։
Ես հասկանում եմ այդ տեսակետը։ Բայց այն չափազանց պարզեցված է Ուկրաինայի պարագայում:
Իրականում, այս ճգնաժամն այդքան մեծ ուշադրություն է գրավել ոչ թե այն պատճառով, որ 2 միլիոն փախստականները, որոնք արդեն հոսել են Եվրոպա,
ճնշող մեծամասնությամբ սպիտակամորթ, քրիստոնյա եւ մշակութային առումով եվրոպացի են: Ուշադրության հիմնական պատճառը ռասիզմը չէ: Դա պայմանավորված է այն ազդեցությամբ, որ այս պատերազմը կարող է ունենալ համաշխարհային բարգավաճման եւ խաղաղության վրա:
Երբ հացահատիկի աշխարհի խոշորագույն արտահանողը հարձակվում է հացահատիկի հինգերորդ խոշորագույն արտահանողի վրա, եւ երբ աշխարհի խոշորագույն գազ արտահանողն ու նավթի երկրորդ խոշոր արտահանողը կտրվում է համաշխարհային առեւտրային եւ ֆինանսական համակարգից, մոլորակի վրա կուտակային ազդեցությունը շատ ավելի մեծ է լինում, քան այն աղքատությունն, զրկանքն եւ մահերը, որոնք ունենում են սիրիացիները, աֆղանացիներն եւ եմենցիները: Դա չի արժեզրկում նրանց տառապանքը, բայց լիովին հասկանալի է դարձնում, որ աշխարհում բոլորն ավելի շատ ուշադրություն կդարձնեն Ուկրաինային, քան իրենց:

Լուսանկարը` Riccardo Savi/Getty Images
Այս պատերազմի ազդեցությունն աշխարհի աղքատ մարդկանց եւ աղքատ երկրների վրա շատ ավելի մեծ կլինի, քան այն հակամարտությունները, որոնք մենք տեսել ենք այդ երկրներից որեւէ մեկում: Ինչպես միշտ, հարուստ մարդիկ եւ հարուստ երկրները լավ կլինեն, իսկ աղքատ մարդիկ եւ աղքատ երկրները՝ոչ: Ուստի Ուկրաինային ավելի շատ ուշադրություն դարձնելն արդարացված է:
Այս պատերազմի մասին մտահոգվելու երկրորդ պատճառն այն է, որ Ռուսաստանը ռազմական գերտերություն է: ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ միջուկային հակամարտության վտանգը գոյաբանական վտանգ է ներկայացնում աշխարհում ապրող բոլոր մարդկանց համար։ Նույնը չի կարելի ասել որեւէ այլ հակամարտության կամ հումանիտար ճգնաժամի մասին։
Արեւմուտքը միանշանակ պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ: ՆԱՏՕ-ի երկրները զորք չեն ուղարկում Ուկրաինա, բայց տրամադրում են միջոցներ եւ զենք՝ ներխուժող ռուսներին ավելի արդյունավետ սպանելու համար: Նրանք կիրառում են ֆինանսական պատժամիջոցներ, որոնց նպատակը ռուսաստանյան տնտեսության ոչնչացումն է։ Նրանք փորձում են տապալել Պուտինի ռեժիմը:
Արեւմտյան երկրները կարող են կարծել, որ սա անուղղակի կռիվ է, բայց Կրեմլն այդպես չի մտածում: Նրանց համար նշածս քայլերը նույնպիսի պատերազմական գործողություններ են Ռուսաստանի դեմ, ինչպիսին կլիներ ոչ թռիչքային գոտու սահմանումը:
Արդյո՞ք ուկրաինացիներն ավելի արժանի են կարեկցանքի, քան սիրիացիները, աֆղանացիները եւ մյուս հակամարտությունների զոհերը: Ոչ: Արդյո՞ք Ուկրաինայի պատերազմն ավելի կարեւոր է աշխարհի համար, քան մյուս հակամարտությունները: Այո:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: