ԱԳՆ․ Բաքվի ջարդերի ժխտումը Ադրբեջանում պետական քաղաքականություն է - Mediamax.am

2460 դիտում

ԱԳՆ․ Բաքվի ջարդերի ժխտումը Ադրբեջանում պետական քաղաքականություն է


Լուսանկարը` https://headtopics.com/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բաքվում հակահայկական ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ։

ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․

 

«32 տարի առաջ այս օրերին Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը, որոնք դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայ բնակչության ոչնչացման եւ բռնի տեղահանման քաղաքականության գագաթնակետը։ Մեկ շաբաթ տեւած արյունալի եւ զանգվածային հանցագործությունների հետեւանքով հայ բնակչության շրջանում եղան հարյուրավոր սպանվածներ, խեղվածներ եւ անհետ կորածներ: Այդ ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը, որի հետեւանքով շուրջ կես միլիոն հայ դարձավ փախստական:

 

Բաքվի ջարդերի եւ հայերի նկատմամբ իրականացված մյուս ոճրագործությունների հետեւողական ժխտումը, դրանց իրագործողների հերոսացումը, հայերի նկատմամբ ատելության շարունակական արմատավորումը մինչ օրս էլ Ադրբեջանում պետական քաղաքականություն են, որոնք արտահայտվում են նաեւ Հայաստանի եւ Արցախի նկատմամբ ատելության խոսքով ու ագրեսիվ քաղաքականությամբ, ինչը մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության առանցքային սպառնալիք է:

 

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին եւ վերահաստատում ենք Հայաստանի, Արցախի եւ ողջ աշխարհասփյուռ հայության միասնական հանձնառությունը` ապահովելու իր հայրենիքում ազատ, անվտանգ եւ արժանապատիվ ապրելու հայ ժողովրդի իրավունքը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին