«Երեւանը դիմադրում է, իսկ Մոսկվան նայում է փիլիսոփայական հանգստությամբ» - Mediamax.am

3364 դիտում

«Երեւանը դիմադրում է, իսկ Մոսկվան նայում է փիլիսոփայական հանգստությամբ»


Լուսանկարը` kremlin.ru

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


«Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում նոր արագընթաց սրացումը համընկավ Թուրքիայի խորհրդարանի խոսնակի կողմից իբր արված այն հայտարարության հետ, թե Անկարան եւ Բաքուն բանակցում են համատեղ թյուրքական բանակ ստեղծելու մասին»,- գրում է ռուսաստանցի քաղաքագետ, «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչեւը «Ռուսաստանը տխրությամբ է նայում հերթական հարեւանին» հոդվածում:

 

Ներկայացնում ենք հատվածներ հոդվածից:

 

«Չնայած հետագայում թուրք պաշտոնյայի խոսքերը հերքվեցին իր իսկ ներկայացուցիչների կողմից, սակայն հարցի էությունը դա չի փոխում: Ռուսաստանի համար երկու նորություններն էլ հետաքրքրություն են ներկայացնում միայն այն իմաստով, որ դրանք հաստատում են, որ մեր պարագծի երկրների վրա ուղղակի վերահսկողության անհրաժեշտության հարցը դեռ ամբողջությամբ փակված չէ: Դա, անկասկած, շատ տխուր է, քանի որ Ռուսաստանն ինքը ընդհանրապես չի ցանկանում դա անել: Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ Մոսկվան հույսով նայում է իր հարեւաններին եւ չի կորցնում հավատն առ այն, որ նրանք կսովորեն վարվել իրենց աշխարհաքաղաքական դիրքին եւ ուժային հնարավորություններին համապատասխան: Երբեմն այստեղ հույսի ճառագայթներ են փայլում, եւ հիմքեր են առաջանում կարծելու, որ մեր ընդհանուր պատմության կայսերական շրջանը հաջողվեց փակել: Սակայն հետո սրացում է տեղի ունենում, եւ Ռուսաստանը կրկին տխրությամբ նայում է հերթական հարեւանին, ինչպես մայրը՝ երեխայի վրա, որը, հենց աչքդ թարթեցիր, ամեն տեսակի աղբ է տանում բերանը: Առավել եւս այն պարագայում, որ մեր հարեւանները, հատկապես՝ Հարավային Կովկասում, տաքարյուն են:

 

Ինչ խոսք, նրանք ոչ Բելգիա են, ոչ էլ Լյուքսեմբուրգ: Վերոհիշյալներին, օրինակ, պետք չի 100 անգամ բացատրել, որ Գերմանիայի եւ Ֆրանսիայի հետ հարեւանությունը խելամիտ վարք է պահանջում՝ անկախ նրանից՝ վճարում են ձեզ դրա համար, թե ոչ: Բելգիան հասկանում է, որ հզոր տերության կողքին տեղակայված լինելն արդեն իսկ կարող է խնդիրներ ստեղծել, իսկ եթե նրան անհանգստացնող շարժումներ կատարես, ապա՝ ավելին: Ռուսաստանը դեռ չի կարողացել արժեքների նման համակարգ ձեւավորել իր հարեւանների համար, սակայն այս ուղղությամբ աշխատանքն, ըստ ամենայնի, սկսվում է»,- գրում է քաղաքագետը:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Միեւնույն ժամանակ, նշում է նա, «հիմնական խոչընդոտը կուտակված մարդկային եւ պատմական այն կապերն են, որոնց առկայությունն Ադրբեջանի եւ Հայաստանի առնչությամբ Վլադիմիր Պուտինը մատնանշեց անցյալ տարվա հոկտեմբերին»:

 

«Ռուսաստանի համար դժվար է հատել ավագ քրոջ դիրքի եւ պարզապես Եվրասիայի ամենահզոր պետություն լինելու միջեւ սահմանը: 2008 թվականին Վրաստանի հետ կատարվածից հետո Բաքուն շատ իմաստուն քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ: Եվ դա այդ երկրի նախագահի վաստակն է: Սակայն անցյալ տարի Հայաստանի նկատմամբ ռազմական հաղթանակը չէր կարող չպտտեցնել շատերի գլուխները: Այժմ Ադրբեջանի ղեկավարությունը համակարգված գործունեություն է ծավալում՝ ստիպելով Հայաստանին խոչընդոտ չլինել Բաքվի երկարաժամկետ տնտեսական ծրագրերին: Երեւանը դիմադրում է, իսկ Ռուսաստանը դրան նայում է փիլիսոփայական հանգստությամբ: Սակայն արդար եւ անարդար վարքագծի միջեւ սահմանը շատ նուրբ է: Եվ լիովին ճիշտ լինելով քո սպասումների մեջ այսօր, վաղը կարող ես արջի թաթի լավ հարված ստանալ»,- նկատում է Բորդաչեւը:

Լուսանկարը` REUTERS

Քաղաքագետը գրում է, որ Անդրկովկասի երկրները բարդ իրավիճակում են գտնվում նաեւ այն պատճառով, որ հարեւան են ժամանակակից միջազգային քաղաքականության ամենաակտիվ պետություններից մեկին՝ Թուրքիային:

 

«Էրդողանը հատուկ սահմանափակումներ չունի. Թուրքիային ՆԱՏՕ-ից դուրս չեն հրավիրելու: ԱՄՆ-ն իրեն թույլ չի տա դա պարզապես այն պատճառով, որ այդ դեպքում դաշինքը վերջնականապես կվերածվի լուրջ ռազմական նշանակություն չունեցող երկրների հավաքածուի: Եվրոպայի հետ ամեն ինչ կարգին է. Բեռլինը եւ Փարիզը տարիներ շարունակ տուրք են մատուցում Թուրքիային, որպեսզի նա չլցնի իրենց տարածքները փախստականներով:

Լուսանկարը` REUTERS

Ռուսաստանը, անշուշտ, կարող է անհրաժեշտության դեպքում շտկել թուրքերի վարքագիծը, սակայն չի պատրաստվում լուրջ հաշիվներ մաքրել նրանց հետ. նա կարիք չի տեսնում նման երկիրը հետ մղել դեպի արեւմտյան համայնք: Արդյունքում, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը շատ համարձակ իմպրովիզների շարք է, որոնցից մի քանիսում Անկարան կցանկանար ներգրավել իր ադրբեջանցի բարեկամներին: Որոնք, ի թիվս այլ բաների, Թուրքիայի տնտեսության մեջ կուտակված ներդրումների ծավալով երեք անգամ գերազանցում են Թուրքիայի ներդրումների ծավալն Ադրբեջանում», - նշվում է հոդվածում:

 

«Ըստ տեղի փորձագետների գնահատականների՝ ամենից շատ Բաքվում կցանկանային հանգիստ զարգացնել աշնանը վերադարձված տարածքները եւ երկիր կառուցել գալիք սերունդների համար: Սակայն առայժմ, նվաստացված, բայց վերջնականապես չհանձնված Հայաստանի տեսքով գրգռիչը Բաքվում առաջացնում է Ռուսաստանի հետ հարաբերություններում խաղադրույքները պարբերաբար բարձրացնելու բնական ցանկություն: Այդպես են ի հայտ գալիս «միասնական թյուրքական բանակի» ստեղծման նման գաղափարներ», - գրում է Տիմոֆեյ Բորդաչեւը:

Լուսանկարը` REUTERS

«ԽՍՀՄ փլուզումից հետո անցած տարիների ընթացքում Ռուսաստանը կարողացել է խուսափել աննշան խնդիրներ լուծելու գայթակղության եւ համաշխարհային տնտեսության ու քաղաքականության մեջ ինտեգրվելու երկփեղկվածությունից: Այժմ Մոսկվան նայում է ամեն ինչին շատ ավելի լայն, քան կցանկանային Վաշինգտոնը եւ եվրոպական առաջատար մայրաքաղաքները: Նրանց համար կատարյալ կլիներ մի իրավիճակ, երբ Ռուսաստանը խրվեր իր հարեւաններին կառավարելու հարցերում, իսկ մնացած աշխարհի հարցերի մեջ իր քիթն անգամ չխոթեր: Միաժամանակ երկուսի համար մենք բավարար ուժ չունենք. նույնիսկ Խորհրդային Միությունը չէր կարող կյանքի կոչել նման հավակնոտ օրակարգը: Իր սահմանների երկայնքով տարածքներ պահելու համար ռեսուրսների վատնումին վերադարձը բոլորովին ավելորդ է Ռուսաստանի համար: Դա նշանակում է, որ մենք պետք է համբերությամբ զինվենք, ինչը, ընդհանուր առմամբ, բնորոշ է Ռուսաստանի ԱԳՆ-ին: Եվ համակարգված կերպով կառուցենք հարեւանների հետ այնպիսի հարաբերություններ, որոնցում լրատվամիջոցների տեսանկյունից հետաքրքիր շրջադարձերի համար քիչ տեղ կմնա», - ամփոփում է «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրենը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին