Եվրախորհրդարանի զեկուցողներ. Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք - Mediamax.am

2492 դիտում

Եվրախորհրդարանի զեկուցողներ. Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք


Մարինա Կալյուրանդը
Մարինա Կալյուրանդը

Լուսանկարը` https://www.politico.eu/


Երեւան: Մեդիամաքս: Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը եւ Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են ընդունել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների վերաբերյալ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

 

«Մենք լրջորեն մտահոգված ենք երեկվա մարտերով, որոնք հաջորդել են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին վերջին լարվածության աճին։ Ադրբեջանի կողմից ենթադրյալ սադրանքներին ի պատասխան սկսված ռազմական գործողությունը նախորդ տարվա նոյեմբերի 9-ին կնքված զինադադարի համաձայնագրի վատթարագույն խախտումն էր։ Կոչ ենք անում իրավիճակի արագ դեէսկալացիա իրականացնել եւ ողջունում ենք Եվրոպական խորհրդի նախագահի ներգրավվածությունը եւ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին հայտարարությունը։

 

Կրկնում ենք, որ սահմանի հետ կապված հնարավոր տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում, այլ ոչ թե ուժի եւ միակողմանի գործողությունների միջոցով։ Մենք դատապարտում ենք արհեստականորեն սահմաններ կանգնեցնելու փորձերը, որոնք նկատվել են մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի տարածք ներխուժումից հետո։ Կոչ ենք անում բացել տնտեսական եւ տրանսպորտային կապերը, ինչպես նախատեսված է նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրով, ինչը շատ շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար։ Դա ներառում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ կապը։ Հաջողության հասնելու համար կողմերը պետք է հետեւեն համաձայնագրի տեքստին եւ խուսափեն նրա չափազանց լայն մեկնաբանություններից։ Բացի այդ, մենք անհանգստացած ենք Ադրբեջանի տարածքով անցնող հայկական քաղաքներն ու գյուղերը կապող ճանապարհների երթեւեկության դժվարությունների մասին հաղորդագրություններով եւ կարծում ենք, որ նման վարքագիծը հակասում է այս համաձայնագրի ոգուն եւ բարդացնում է տեղի բնակիչների կյանքը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին