Ալիեւ. «Պուտինն ու ես հավատում ենք իրար» - Mediamax.am

4531 դիտում

Ալիեւ. «Պուտինն ու ես հավատում ենք իրար»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնաբանել է իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 20-ին Մոսկվայում կայացած հանդիպումը:

«Մենք քննարկել ենք հետպատերազմյան իրավիճակը տարածաշրջանում, ներառյալ Զանգեզուրի միջանցքը եւ հետկոնֆլիկտային շրջանը: Մոտեցումների հարցում մենք տարաձայնություններ չունենք: Մենք՝ Ռուսաստանը եւ Ադրբեջանը, համարում ենք, որ պատերազմն ավարտված է, հակամարտությունն ավարտված է»,- ասել է Ալիեւը AzTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը։

 

«Պատերազմի ռիսկերը պետք է նվազագույնի հասցվեն եւ վերացվեն: Այս հարցում մենք համակարծիք ենք: Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ես տեղեկացրեցի պարոն Պուտինին, որ Հայաստանն այս հարցում կրկին անկեղծ չէ: Պարոն Չարլզ Միշելի հետ մամուլի ասուլիսում ես ասել էի, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները պետք է միաժամանակ բացվեն, եւ ընտրողական մոտեցում չպետք է կիրառվի: Սակայն մենք տեսնում ենք, որ Հայաստանն այստեղ կրկին ուզում է ինչ-որ խաղ խաղալ», - ասել է նա:

 

Ալիեւը հավելել է, որ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, ինչպես նախատեսված էր 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետով:

 

«Սա է մեր դիրքորոշումը»,- շեշտել է նախագահը: Նա նշել է, որ հունիսից Հայաստանը փաստացի դադարեցրել է տարածաշրջանում հաղորդակցությունների բացման վերաբերյալ փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը:

 

Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ Ադրբեջանի նախագահն ասել է.

 

«Մենք իրական ռազմավարական գործընկերներ ենք, երկարաժամկետ ռազմավարական համագործակցության հարցում տարաձայնություններ չունենք: Մենք շատ ամուր բարեկամական կապեր ունենք, եւ անձամբ ես շատ սերտ հարաբերությունների մեջ եմ պարոն Պուտինի հետ, մենք միմյանց վստահող քաղաքական գործիչներ ենք: Դա շատ կարեւոր է»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին