Ալիեւի խորհրդական. «Միմյանց ավելի լավ ճանաչենք ու վստահություն կառուցենք» - Mediamax.am

2105 դիտում

Ալիեւի խորհրդական. «Միմյանց ավելի լավ ճանաչենք ու վստահություն կառուցենք»


Հիքմեթ Հաջիեւը
Հիքմեթ Հաջիեւը

Լուսանկարը` ria.ru


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ «այժմ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ավելի լավ են ճանաչում»:

Այս մասին նա գրել է The Washington Times-ում հրապարակված հոդվածում ՝ մեկնաբանելով այն փաստը, որ «Ադրբեջանը վերադարձրել է նոյեմբերին ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո իր տարածքում ձարբակալված 15 հայերին» ականային քարտեզներ տրամադրելու դիմաց:

 

«Հայաստանն ու Ադրբեջանն արեցին մի բան, որը, շատերի կարծիքով, առաջին քայլը կդառնա դեպի լարվածության թուլացումը», - ասել է Հաջիեւը:

 

«Մենք պետք է զարգացնենք այս դիվանագիտական ճեղքումը եւ դիմակայությունը վերածենք համագործակցության», - ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդականը՝ մատնանշելով, որ իրենք ստացել են միայն մեկ շրջանի ականային քարտեզները:

 

«Երեւանի կարծիքով՝ խաղաղության ճանապարհին ամենամեծ խոչընդոտը Ադրբեջանում կալանավորված հայերն են: Նրանք ռազմագերիներ չեն, ինչպես սխալմամբ պնդում էին որոշ լրատվամիջոցներ: Բոլոր ռազմագերիները վերադարձվել են հրադադարի մասին համաձայնագրի համաձայն: Նրանք, ովքեր այսօր պահվում են կալանքի տակ, ձերբակալվել հրադադարի կնքումից հետո ադրբեջանական հողում գործելիս: Ուստի օրինական է նրանց համարել օտարերկրյա գործակալներ: Միեւնույն ժամանակ, մենք դիմում ենք Հայաստանի կառավարությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե որքան քարտեզներ է մնում իրենց տրամադրության տակ: Միմյանց մասին ավելին իմանալը կարող է օգնել մեզ հաղթահարել անվստահությունը:

 

Մենք նոր ենք սկսել վստահություն ամրապնդել, բայց այժմ դռները բացվում են ավելի վիճահարույց հարցերի համար, ինչպիսիք են սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը եւ հարաբերությունների վերականգնումը: Սակայն վստահություն ստեղծելու աստիճանական քայլերը համագործակցության ցիկլեր են ստեղծում», - գրում է Հիքմեթ Հաջիեւը:

 

Ալիեւի խորհրդականը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքի՝ Ադրբեջանը եւ Հայաստանը կապող երկաթուղու եւ ավտոճանապարհի վերաբացումը տնտեսական հնարավորություններ կբացի ինչպես մեր երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար»:

 

«Հուսով ենք, որ տարածաշրջանային վերափոխման այս գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խումբը չի մնա անցյալում, այլ կդառնա ապագայի մի մասը: Փորձի եւ ինստիտուցիոնալ հիշողության միջոցով խումբը կարող է կարեւոր դեր ունենալ առաջիկա տարիներին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ձեւավորման գործում:

 

Այսօր մեզ կայունության ու փոխադարձ բարգավաճման հնարավորություն է տրվել: Մենք միմյանց ճանաչելու, միասին ավելի անվտանգ աճելու եւ բարգավաճելու հնարավորություն ունենք: Ի վերջո, վստահության ամրապնդման այս միջոցները կարող են տանել մեզ դեպի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջնական խաղաղության պայմանագիր: Խաղաղության եւ համագործակցության փոխարեն ռեւանշիզմի փորձերը կարող են նոր աղետի եւ ողբերգության բերել», - եզրափակել է Ալիեւի խորհրդականը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին