Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «կարող են ստեղծարար լինել՝ աշխատելով հայ-ադրբեջանական հակամարտության երկու կողմերի հետ»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու հրապարակային առաջարկությանը՝ Ֆիլիպ Ռիքերն ասել է.
«Խաղաղապահ որոշակի մեխանիզմի կամ դիտորդների մասին խոսակցությունները ԵԱՀԿ ՄԽ-ի գործընթացի մի մասն էր, որը տարիների ընթացքում քննարկվել է: Կարեւոր է, որ վերադառնանք գործընթացին եւ տեսնենք, թե ինչպես կարող ենք աջակցել հակամարտության ավարտին»:
ԱՄՆ պաշտոնյան նշել է, որ սահմանազատման հարցում կարող են աջակցել տեխնիկական փորձաքննության առումով, տեսանկարահանումներ կատարել, աշխատել համանախագահների կամ այլոց հետ.
«Կցանկանայինք, որ կողմերը ետ քաշվեն մայիսի 11-ի դիրքեր, որպեսզի հակամարտությունը հնարավոր լինի ամբողջությամբ լուծել»:
Խոսելով Արցախի կարգավիճակի հարցից՝ նա նշել է. «ԱՄՆ-ը աջակցում է ԵԱՀԿ ՄԽ գործընթացին եւ վստահ է, որ խմբի մանդատը տակավին չափազանց կենսունակ է: Պետք է վերադառնալ այդ գործընթացին եւ վերակենդանացնել այն»:
Ֆիլիպ Ռիքերը նաեւ նշել է, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով գերեվարված, ձերբակալված բոլոր անձինք պետք է ազատ արձակվեն:
«Բաքվում էլ հստակորեն արտահայտել ենք այն նույն կետերը, որոնք առկա են մեր հրապարակային հայտարարություններում՝ անհրաժեշտ է ազատ արձակել ձերբակալված անձանց՝ առաջ շարժվելու, հակամարտության բոլոր ասպեկտներին անդրադառնալու եւ հանգուցալուծման հանգելու համար», - ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: