Արա Այվազյան. «Խաղաղությունը լոկ գեղեցիկ բառ չէ» - Mediamax.am

1895 դիտում

Արա Այվազյան. «Խաղաղությունը լոկ գեղեցիկ բառ չէ»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն այսօր ասել է, որ հրադադարի եռակողմ փաստաթղթի իրագործումը հիմք կդառնա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջ գնալու համար:

«Մի քանի հարցեր դեռեւս կարոտ են լուծման: ԵԱՀԿ-ն եւ միջազգային հանրությունը որպես ամբողջություն կարեւոր դեր կարող են խաղալ անմիջական իրավիճակին անդրադառնալու եւ առաջ ընթանալու ճանապարհ գտնելու գործում»,- ասել է Անն Լինդեն:

 

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն Անն Լինդեի հետ հանդիպմանն ասել է, որ խաղաղ գործընթացի առանցքային հարցերը, մասնավորապես, Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը, մնում են չլուծված: Նախարարը շեշտել է, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել եռակողմ հայտարարության դրույթները, ինչի հետեւանքով հարյուրավոր հայ ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք շարունակում են պատանդ մնալ:

 

Արա Այվազյանի եւ Անն Լինդեի համատեղ մամուլի ասուլիսում ՀՀ ԱԳՆ ղեկավարն ասել է.

 

«Հայաստանը եւ հայ ժողովուրդը մշտապես եւ անկեղծորեն հանդես են եկել խաղաղության ուղերձով։ Լինելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ մենք գիտենք խաղաղության եւ անվտանգության արժեքը։ Հայաստանը ղարաբաղյան  հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին։ Այսօր նույնպես մենք ամբողջովին գիտակցում ենք այն հնարավորությունները, որ խաղաղությունը եւ իրական հաշտեցումը կարող են բերել մեր տարածաշրջանին, սակայն խաղաղությունը լոկ գեղեցիկ բառ չէ:

 

Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում` Հադրութի շրջանի ավերման, հայ բնակչության ոչնչացման եւ դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիման վրա կառուցված խաղաղությունը չի կարող լինել հաստատուն եւ տեւական։ Մենք շարունակելու ենք մեր պայքարն արդար եւ արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին